ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ասել է, որ պետք է ամեն կերպ աջակցել կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսեւորումներից։Այս մասին նա նշել է Սյունիքի մարզի կանանց համար զբաղվածություն ապահովող արտադրամասեր այցի ժամանակ։«Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հենց հասարակության շահերից»,- ասել է Արման Թաթոյանը։ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ Արման Թաթոյանը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Ծովինար Հարությունյանն այցելել են Տեղ համայնքի Տեղ գյուղում գտնվող կարի արտադրամաս, ուր կարում են սրբիչներ, սպիտակեղեն, հագուստ, պայուսակներ եւ այլն, Վերիշեն բնակավայրում գտնվող Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի սոցիալական ձեռնարկություն, որն ուսումնական կենտրոն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց համար։Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Պաշտպանին ներկայացրել է Goris Handmade ապրանքանիշի 100% բնական բրդի տեսականին․ գորգեր, բարձեր, ծածկոցներ եւ ավելի քան 50 տարբեր խաղալիք կենդանիներ:Ռուզաննա Տոռոզյանն ասել է, որ հիմնադրամի շահառուների թվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանայք, որոնք անցնում են ուսումնառություն եւ ստանում նոր մասնագիտություն՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար (ձեռարվեստ, խոհարարություն, համակարգչային գիտելիքներ, հաշվապահություն, վարսահարդարում եւ այլն)։ Tweet Դիտում՝ 1887