Փաշինյան. Պետք է գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները

06.08.2021 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Արայիկ Հարությունյան #Արցախ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնվի:

«Շատ կարեւոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձեւավորելուն: Սա ունի բազմաթիվ նրբություններ եւ կոմպոնենտներ ու պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնել անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է. «Ժողովրդագրական դրական պատկեր ունենալու առումով մեզ սոցիալական ծրագրերից բացի պետք են լինելու իրականացնել տնտեսական կոնկրետ ծրագրեր՝ աշխատանքի ապահովման, տնտեսության վերականգնման նպատակով: 2021 թվականի պետական բյուջեի նախագծով մեր սեփական մուտքերը պլանավորել էինք 16-17 մլրդ դրամ, բայց հաստատ 30 մլրդ դրամի ցուցանիշն անցնելու ենք: Ամենախոշոր հարկատուն, գործատուն՝ «Բլեզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքն արդեն աշխատում է 15-20 տոկոսով, եւ եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե»:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Չարեքթար-Գետավան հատվածում սկսել են 17 մեգավատ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները:

«Առաջին փուլում տարբեր աղբյուրներից ռեսուրսներ ենք ներգրավելու, այն դառնալու է բաց բաժնետիրական ընկերություն, ինչը թույլ է տալու ներդրողներից ներգրավել ռեսուրսներ: Մենք ունենք նման փորձ «Արցախ հէկ»-ի հետ եւ խնդիր ենք դրել 2022-2023 թվականների ձմռանն այդ հզորությունը շահագործել: Իսկ նոր ճանապարհի վրա արդեն պլանավորում ենք ավելի հզոր բարձրավոլտ հիդրոէլեկտրոկայան կառուցելու ծրագիր, որն այդ հնարավորությունը տալու է: Երկրորդ մեր կարեւոր ծրագիրն առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչեւ 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը, այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Դիտում՝ 1440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW