2021 թվականի հուլիսի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը (1921-1983թթ.): Գեղաթերթիկի վրա պատկերված է Արամ Խաչատրյանի համերգասրահը, «100 ԱՄՅԱԿ» եւ «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը եւ սկանավորելով գեղաթերթիկը տվյալ հավելվածով՝ կարող եք վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:«Մեկ նամականիշով այս գեղաթերթիկը եզակի է իր ձեւաչափով: Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ, ինչի համար ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր ARLOOPA-ին: ՀայՓոստը շարունակելու է իր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, եւ վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնենք նամականիշերի նկատմամբ»,- ասել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի, տպարանը՝ Cartor, Ֆրանսիա, նամականիշի չափսերը՝ 30,0 x 40,0 մմ, գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 60,0 մմ, տպաքանակը՝ 30 000 հատ: Tweet Դիտում՝ 1452