Մայիսի 24-ին կայացել է Երեւանի SMD բժշկական պարագաների գործարանի արդյունաբերական համալիրի երկրորդ միավորի հիմնարկեքի արարողությունը։ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այն հագեցած է լինելու բժշկական պարագաների արտադրության ամենաժամանակակից եւ նորարարական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով։ Երկրորդ միավորի գործարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի ծավալը կազմում է ավելի քան $40 մլն։ Ըստ ծրագրի՝ կթողարկվի բժշկական եւ լաբորատոր նշանակության, մեկանգամյա օգտագործման շուրջ 50 անուն պարագա, մասնավորապես՝ ներարկային կատետրներ, զոնդեր, ասեղներ, ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման պոլիմերային լաբորատոր պարագաներ եւ այլն: Գործարանի արտադրանքի իրացման հիմնական շուկաներն են լինելու ԱՄՆ-ը, ԵԱՏՄ-ն, Մերձավոր Արեւելքի երկրները:Գործարանի հիմնադիր-նախագահ Հայկ Մաղաքելյանը նշել է, որ ուժեղ եւ հզոր պետությունը տնտեսապես զարգացած պետությունն է, իսկ տնտեսության զարգացման համար հարկավոր են ներդրումներ։ «Հաշվի առնելով այն, որ պետության բոլոր ոլորտներն էլ ունեն զարգանալու կարիք՝ մենք սիրով զբաղվելու ենք այդ պատասխանատու գործով։ Մեր առաջնային նպատակն է հայկականը դարձնել որակյալ եւ ներկայացնել աշխարհին»,- ասել է նա։Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, պետական պաշտոնյաներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։ Մինչ հիմնարկեքի արարողությունը, միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել արդեն գործող գործարանով եւ ծանոթացել արտադրական պրոցեսին։ Tweet Դիտում՝ 1455