Որոշ շահառուների համար կերկարաձգվեն վարկերի եւ լիզինգի մարման ժամկետները

13.05.2021 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #վարկեր #լիզինգ
Կառավարությունը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում, վարկերի կամ լիզինգի մարման ժամկետները երկարաձգելու, մայր գումարի եւ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետներ է սահմանելու:

Կառավարության նիստում այսօր ընդունված որոշումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետեւանքով կորուստներ ունեցող շահառուների համար վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։  

Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արդեն իսկ սահմանված են վարկերի կամ լիզինգի մարման, ինչպես նաեւ վարկի կամ լիզինգի մայր գումարի  եւ/կամ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետներ։ Սակայն ռազմական դրությամբ պայմանավորված սահմանամերձ բնակավայրերում կան շահառուներ, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետեւանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ (անշարժ գույք, գյուղատնտեսական կենդանիներ եւ այլն) եւ վերջիններիս մոտ առաջացել են դժվարություններ՝ վարկերի/լիզինգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։

Արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրերի շրջանակից եւ զրկվել պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Ֆինանսական կառույցներից ստացված տվյալների համաձայն, շուրջ 348 շահառու ունեցել է ամբողջական կամ մասնակի կորուստներ, որոնց վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 1.3 մլրդ դրամ։

Ըստ այդմ՝ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետեւանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար ընձեռել հնարավորություն, որ ֆինանսական կառույցները 2021 թվականին վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաեւ վարկի կամ լիզինգի մայր գումարի  եւ/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգեն մինչեւ 6 ամիս` համայնքի ղեկավարի տված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։
Դիտում՝ 755
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW