Ծաղկունք համայնքում նոր ներդրումային նախագիծ կիրականացվի

06.05.2021 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Ծաղկունք #ներդրումային նախագիծ
Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում պիլոտային ներդրումային նախագիծ կիրականացվի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը համայնքում ծանոթացել է «ԴԱՐ տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի» կողմից իրականացվող «Գագարին նախագծի» մանրամասներին։

Նախարարությունում նշել են, որ պիլոտային նախագծով կվերակառուցվի Ծաղկունքի կենտրոնը: Հիմնադրամը Ծաղկունքի կենտրոնի վերակառուցմամբ նախատեսում է հիմնանորոգել Հրազդան-Սեւան Հ29 հանրապետական նշանակության ճանապարհի գյուղամիջյան հատվածը՝ գյուղի կենտրոնի հատվածում՝ ձեւավորելով գյուղական յուրահատուկ հրապարակ։

Ճանապարհի կառուցմանը զուգընթաց փոխվելու են նաեւ անհրաժեշտ ստորգետնյա ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով ապագա հեռանկարային զարգացման հնարավորությունները։ Նախատեսվում է նաեւ առկա պուրակի  բարեկարգում, ինչպես նաեւ նոր զբոսայգու կառուցում եւ կանաչապատում։

Ծրագրի շրջանակում մինչեւ 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձեւաչափով իրականացնել շուրջ 1.160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։

Վահան Քերոբյանը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում ոչ միայն զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու համար, այլեւ նպաստում են գյուղական համայնքների բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

Նախարարության փոխանցմամբ՝ «Գագարին նախագիծն» ուղղված է Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների եւ Սեւան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։
Դիտում՝ 2109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW