Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) վատթարացրել է 2020-2021թթ․ համաշխարհային ավիաընկերությունների ընդհանուր զուտ վնասի կանխատեսումը, հաղորդում է Finmarket-ը:Նախորդ տարվա վնասը IATA-ն գնահատում է $126,4 մլրդ, մինչդեռ նոյեմբերին այն կանխատեսվում էր $118,5 միլիարդի մակարդակում, իսկ մինչ այդ՝ հունիսին՝ $84,3 մլրդ: IATA-ում կանխատեսում են, որ այս տարվա արդյունքներով վնասը կկազմի $47,7 մլրդ, մինչդեռ նոյեմբերին սպասվում էր $38,7 մլրդ, հունիսին՝ $15,8 մլրդ:Ընթացիկ տարում ավիաընկերությունների ուղեւորահոսքը կարող է կազմել շուրջ 2,4 մլրդ մարդ, ինչը ավելի քան 30%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն 47%-ով ցածր է 2019-ի «նախակովիդյան» ցուցանիշից:Ոլորտի եկամուտներն ակնկալվում են $458 միլիարդի մակարդակում (+23%՝ 2020թ․ եւ -45%՝ 2019թ․ համեմատ), մասնավորապես, ուղեւորափոխադրումներից՝ $231 մլրդ (+22%՝ 2020թ․ եւ -62%՝ 2019թ․ համեմատ), բեռնափոխադրումներից՝ $152 մլրդ (+19%՝ 2020թ․ եւ +50%՝ 2019թ․ համեմատ), ինչը կդառնա այս հատվածի համար պատմական առավելագույն ցուցանիշը։ IATA-ում կարծում են, որ ոլորտը դուրս կգա կովիդյան ճգնաժամից ֆինանսապես թուլացած․ դրա վերականգնման համար առանցքային նշանակություն կունենան ծախսերի զսպումն ու կրճատումը: Նաեւ ասոցիացիան, ինչպես եւ նախկինում, կոչ է անում աշխարհի կառավարություններին աջակցություն ցուցաբերել ավիաընկերություններին: Tweet Դիտում՝ 1782