Հայ եւ վրացի պաշտոնյաները քննարկել են գինեգործության ոլորտի խնդիրները

07.04.2021 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արման Խոջոյան #Վրաստան #այց
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

Այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիան։

Հանդիպման նպատակն էր Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալի հետ քննարկել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ գտնել Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի այլ  երկրներ կոնյակի սպիրտ եւ գինի տեղափոխելու ընթացքում առաջացող, այդ թվում՝ մակնշմանն առնչվող խնդիրների լուծման ուղիները:

Հաշվի առնելով խաղողի բերքահավաքը եւ վերամշակումը վերահսկելու հարցում Վրաստանի փորձը՝ օրակարգային թեմաներից էր նաեւ այս ուղղությամբ վերահսկման մակարդակը բարձրացնելու նպատակով համատեղ մեխանիզմների մշակումը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ Մսխալի, Սապերավի եւ Ռքածիթելի խաղողի սորտերի փոխադրման ընթացքում խնդիրների վերացման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում խաղողի Կախեթ տեսակի արտադրությանն ու Վրաստանում Կախեթի աշխարհագրական անվանմանը։ Այս խնդրի առնչությամբ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանման եւ, միաժամանակ, Հայաստանում արտադրվող Կախեթ խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի հնարավորությունը։

Հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր ճյուղերում երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկել տարանցիկ գոտում իրականացվող ստուգումները դյուրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, ավելորդ խոչընդոտներից խուսափելու նպատակով, զրուցակիցները դիտարկել են նաեւ Վրաստանի տարածքով փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես պատրաստելու հնարավորությունը։

Արծարծվել են խաղողի արժեշղթայի վերահսկողությանը, գինու կադաստրի ստեղծմանը, ֆերմերների ռեգիստրացիոն համակարգի ներդրմանը, ոռոգման արդիական համակարգերի կիրառմանն առնչվող եւ մի շարք այլ հարցեր։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Վրաստանի Գինու ազգային գործակալություն, որտեղ քննարկվել են խաղողագործության եւ գինեգործության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է վրացական պատվիրակության այցը Հայաստան։ 
Դիտում՝ 918
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW