Ապրիլի 1-ից ՊԵԿ փոստային բաժանմունքը կգործի շաբաթը 6 օր

18.03.2021 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ փոստային բաժանմունք #էլեկտրոնային առեւտուր #Գարիկ Մինասյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների եւ տնտեսվարողների համար: Ապրիլի 1-ից քաղաքացիները ծանրոցը ստանալու համար իրենց հարմար ժամ ընտրելու ավելի լայն հնարավորություն կունենան։

Արեւմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը, որը տեղակայված է «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում, ապրիլի 1-ից գործելու է երկուշաբթիից շաբաթ օրերին` ժամը 09։00-21։00-ն: Մինչ այդ բաժանմունքը գործում է շաբաթվա 5 աշխատանքային օրերին` առավոտյան 09:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին հերթապահություն է իրականացվում 10:00-13:00-ն:

«Նոր ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձեւակերպում եւ բացթողում իրականացնող աշխատակիցներով: Եթե մինչեւ փոփոխությունը բաժանմունքն օրական սպասարկել է 40-50 քաղաքացի, ապա աշխատաժամերի ավելացումից հետո օրվա ընթացքում ավելի շատ մարդ կկարողանա իր ծանրոցն ստանալ»,- նշել է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը։

Մյուս փոփոխությունն առնչվում է փոխադրող կազմակերպություններին: Ապրիլի 1-ից նույնիսկ գիշերը ժամանած առաքանիների զննումը կատարվելու է նույն պահին: ««Կարգո» բեռնային համալիրի տարածքում Արեւմտյան մաքսատուն-վարչությունը փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների եւ ծանրոցների նկատմամբ հսկողությունը կիրականացնի 24-ժամյա ռեժիմով` պահպանելով այդ հսկողության անընդհատությունը»,-տեղեկացնում է Գարիկ Մինասյանը:

ՊԵԿ-ից հայտնել են, որ տնտեսվարողների հարմարավետության համար է նաեւ հետեւյալ փոփոխությունը. մաքսային բոլոր գործընթացները` ներմուծվող բեռի համար ապրանքային հայտարարագրի փաստաթղթային հսկողությունը, նաեւ վճարների գանձումն ու բացթողումը, ամբողջությամբ կիրականացվեն մեկ կետում` «Հայփոստի» փոստի փոխանակման կենտրոնում: Տնտեսվարողին կմնա միայն առաքանին ստանալ «Կարգո» բեռնային համալիրում:

Դիտում՝ 2030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW