Գործարարներիը կիրազեկվեն հակակոռուպցիոն համապատասխանության մասին

04.03.2021 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կորպորատիվ Կառավարման Կենտրոն»
Մարտի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի միջեւ ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ «Կորպորատիվ Կառավարման Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նարինե Մելիքյանը։

Հուշագրի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի գործարար հատվածում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը, խթանել «պետություն եւ գործարար համայնք» համագործակցությունը հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման հարցերում։

Հուշագրով կողմերը պարտավորվում են աջակցել Հայաստանի գործարար համայնքին հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընկալման հարցում։ Այդ նպատակով համատեղ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանը միտված միջոցառումներ (դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, համաժողովներ եւ այլն)։

Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից գործարար համայնքի ներկայացուցիչները կստանան անվճար  խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ, իսկ Բիզնեսի բարեվարքության ակումբի միջոցով կխթանվի հակակոռուպցիոն հավաքական նախաձեռնությունների զարգացումը Հայաստանում։

Կիրականացվեն նաեւ այլ գործողություններ եւ միջոցառումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի գործարար համայնքում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը։

«Էկոնոմիկայի նախարարությունը եւ Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ստորագրելով այս հուշագիրը,  մեկտեղում են ջանքերը, որպեսզի միասին ապահովեն բարեվարքության կանոնների լայն տարածումը  եւ հակակոռուպցիոն համապատասխանության ընկալումը Հայաստանի գործարար միջավայրում։ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ բիզնեսները վստահեն միմյանց, եւ վստահեն նաեւ պետությանը։ Այս առումով Կորպորատիվ կառավարման կենտրոնը շատ մեծ առաքելություն  է ստանձնել, եւ մենք պատրաստ ենք աջակցել իրեն»,- նշել է Վահան Քերոբյանը։

«Մեր կազմակերպությունն արդեն տարիներ շարունակ իր առաքելությունն է իրականացնում կորպորատիվ կառավարման լավ մշակույթը Հայաստանում տարածելու ուղղությամբ։ Մինչ այս փաստաթղթի ստորագրումը, մենք համագործակցել ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, սակայն նման փաստաթղթավորում դեռ չէր եղել։ Մի շատ կարեւոր նախաձեռնությամբ է հանդես եկել կենտրոնը, դա  բիզնեսի բարեվարքության ակումբի ձեւավարումն է, որում ունենք 23 անդամ՝ բիզնեսի ներկայացուցիչներ, անձինք, ովքեր կորպորատիվ կառավարման հանձնառություն ունեն։ Մենք համատեղ ուժերով, ինչպես փորձագիտական, այնպես էլ պետական ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով, պետք է օժանդակենք այդ խնդիրների լուծմանն ու դաշտն ավելի թափանցիկ, պատասխանատու եւ ազնիվ դարձնենք»,- իր հերթին ասել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։

«Կորպորատիվ Կառավարման Կենտրոն»-ը միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) ֆինանսավորմամբ իրականացնում է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածը ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» դրամաշնորհային ծրագիրը։
Դիտում՝ 1476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW