Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարությունը որոշում է կայացրել £800 մլն (ավելի քան $1 մլրդ) հատկացնել հեռանկարային տեխնոլոգիաների հետազոտությունների գործակալության ստեղծման համար (աշխատանքային անվանումը՝ Advanced Research Projects Agency, Arpa), հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:«Մեծ Բրիտանիայի հեռանկարային տեխնոլոգիաների հետազոտությունների նոր գործակալությունը հնարավորություն կունենա փորձարկել ֆինանսավորման նոր մոդելներ՝ աջակցելու համար երկրում առաջադեմ, բարձր ռիսկային եւ ծախսատար գիտական հետազոտություններին»,- նշել են նախարարությունում: Օքսֆորդի համալսարանի մասնագետների կարծիքով՝ բրիտանական իշխանությունները, որպես կանոն, խուսափում են «շատ հավակնոտ ներդրումներից»՝ վախենալով պետական միջոցների անարդյունավետ ծախսից: Նոր գործակալությունը «հնարավորություն է ընձեռում լուծել կարճաժամկետ նպատակների առաջնահերթության եւ ընթացիկ էկոհամակարգում հետազոտությունների ֆինանսավորման աջակցության բացակայության խնդիրը»,- ասված է վերլուծաբանների զեկույցում, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի օրենսդիրների խնդրանքով: Tweet Դիտում՝ 3800