Բացվել է «Հայփոստ»-ի նոր ձեւաչափի առաջին բաժանմունքը

25.12.2020 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ» #Հայկ Կարապետյան #բաժանմունք
Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում բացվել է «Հայփոստ»-ի երկրորդ փոստային բաժանմունքը, որն ունի նոր փոստային դասիչ՝ 0058:

Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 48 շենք, 76 տարածք հասցեում նոր բաժանմունքի բացումով Երեւան քաղաքի փոստային բաժանմունքների թիվը դարձավ 93: Վերջին երկու տարիներին նոր փոստային դասիչով բաժանմունք Հայաստանում չէր բացվել:

0058 բաժանմունքը Հայփոստի նոր ձեւաչափի բաժանմունքներից առաջինն է: Այն իր մեջ ներառում է մի շարք նորարարություններ.

- առաջին անգամ «Հայփոստ»-ի բաժանմունքում կիրառվում է հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,
- առաջին անգամ կիրառվում է օնլայն հերթագրման Earlyone համակարգ,
- առաջին անգամ «Հայփոստ»-ի բաժանմունքում տեղադրվում է փոստամատ(Locker), որտեղից հաճախորդները կարող են ստանալ Շոփինով պատվիրված  ծանրոցներն ու փաթեթները,
- առաջին անգամ բաժանմունքում «Հայփոստ»-ը սկսում է բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառք:

Մեկ նորարարություն եւս. Սինգապուրի փոստի օրինակով բաժանմունքում կլինի հանդերձարան, որտեղ մարդիկ կարող են փորձել փոստով պատվիրված իրերը:

«Դավիթաշեն վարչական շրջանում ունեինք մեկ բաժանմունք, սակայն հաշվի առնելով, որ Դավիթաշենն ունի մեծ բնակչություն, բացել ենք նաեւ երկրորդ բաժանմունքը, որը մեր ամբողջ ցանցում առաջինն է տեխնոլոգիական հագեցվածության առումով: Սա կկրի շարունակական բնույթ, նմանատիպ  բաժանմունքների թիվն առաջիկայում կավելանա»,- նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի եւ փոստի վարչության պետի ԺՊ Ծովինար Գալստյան:

«Դավիթաշեն վարչական շրջանում բացված այս բաժանմունքն, ըստ էության, փոստային բաժանմունքի նոր ստանդարտ է սահմանում, սա առաջին ծիծեռնակն է, մենք նախատեսում ենք նմանատիպ ժամանակակից տիպային բաժանմունքներ ունենալ ամբողջ Հայաստանում: Անշուշտ, դա միանգամից չի լինելու, քանի որ պահանջում է ֆինանսներ եւ ժամանակ, բայց ես վստահեցնում եմ, որ եկող տարում արդեն մեր քաղաքացիները կզգան, թե ինչպես է բարեփոխվում Հայփոստը՝ ինչպես է լավանում սպասարկման որակը: Մեկ տարի անց մենք խոսելու ենք որակապես լրիվ այլ Հայփոստի մասին, միասին կառուցելու ենք բոլորիս երազանքի Հայփոստը»,- ասել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Նորաոճ 0058 բաժանմունքը կսպասարկի Դավիթաշենի առաջին եւ երկրորդ թաղամասերի բնակիչներին: Իսկ գործող 0054 բաժանմունքը կշարունակի սպասարկել Դավիթաշենի երրորդ եւ չորրորդ թաղամասերի բնակիչներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 4012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW