Yandex Go-ն (նախկինում՝ Yandex.Taxi) Երեւանում ներկայանում է նոր ծառայությամբ՝ այսուհետեւ հնարավոր կլինի պատվիրել նաեւ բեռնատար մեքենա։ «Բեռնատար» սակագինը կօգնի բոլոր նրանց, ովքեր տեղափոխվում են, կամ խանութից ծավալուն ու շատ իրեր են նախատեսում գնել։ «Բեռնատար» սակագնով ուղեւորության արժեքն սկսվում 1 500 դրամից, որը ներառում է բեռները բարձելու համար նախատեսված 10 րոպեն, 3 կմ ուղեւորությունն ու եւս 10 րոպե՝ բեռները դատարկելու համար։ Օրինակ՝ 2 300 դրամով հնարավոր է բեռները Մյասնիկյան պողոտայից տեղափոխել Ջրվեժ։ Ի դեպ, ուղեւորության արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների, այլ ոչ թե ըստ ժամերի, ինչպես հաճախ լինում է բեռնափոխադրումներ պատվիրելիս: Արժեքը կարող եք իմանալ նախքան երթեւեկությունը. հարկավոր է հավելվածում նշել այն հասցեն, ուր ուղեւորվելու եք: Լուսանկարը՝ Yandex Բեռնատարի հետ միասին կարելի է նաեւ բեռնակիր կանչել, ով կօգնի բեռները տեղափոխել, բարձել ու դատարկել։ Այս հնարավորությունը կարող եք գտնել հավելվածի՝ երթեւեկությանը կից «Ցանկություններ»-ում։ Բեռնակիր կանչելու դեպքում պետք է հավելյալ վճարում կատարել՝ ընտրելով համապատասխան ծառայությունը հավելվածում: Մեքենայի սրահում միշտ լինելու է ուղեւորի ազատ նստատեղ. պատվիրատուն պետք է ուղեկցի իր բեռը։ «Բեռնատար» սակագինը սպասարկում են տարողունակ մեքենաներ՝ Mercedes Sprinter կամ Ford Transit։ Մեքենաներում կարող եք տեղավորել իրերով լի բազմաթիվ արկղեր, միջին չափսի բազմոց, հեծանիվ կամ գազօջախ։ Միակ սահմանափակումն այն է, որ իրերից յուրաքանչյուրի քաշը չպետք է գերազանցի 20 կգ-ը կամ էլ գերազանցելու դեպքում պատվիրատուն պետք է պատրաստ լինի բեռնել այն սեփական ուժերով: 2020 թվականի մարտից Հայաստանում հասանելի է նաեւ «Առաքում» ծառայությունը, որը հարմար է քաղաքով մեկ ոչ մեծ ծավալի իրեր կամ փաստաթղթեր առաքելու համար։ Yandex Go-ն (նախկինում՝ Yandex.Taxi) միավորում է Yandex-ի միաժամանակ մի քանի ծառայությունների հնարավորությունները՝ մեքենայի պատվեր, իրերի առաքում, բեռնափոխադրում։ Այսօր Yandex Go-ի ծառայություններից հնարավոր է օգտվել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Կապանում, Աբովյանում ու եւս 10 քաղաքում։ Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ շատ այլ լեզուներով iOS եւ Android համակարգերում։ Tweet Դիտում՝ 14931