ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին միջազգային զբոսաշրջությունը 70%-անոց անկում է ապրել՝ հասնելով 1990թ․ մակարդակին։ «Վերջին տվյալների համաձայն՝ հունվարից մինչեւ հոկտեմբեր աշխարհի երկրները 900 միլիոնով ավելի քիչ զբոսաշրջիկ են ընդունել, քան 2019թ․ նույն ժամանակահատվածում»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում, որը մեջբերում է Finmarket.ru-ն։ Սա հանգեցրել է նրան, որ միջազգային զբոսաշրջության եկամուտները նվազել են $935 միլիարդով, ինչը 10 անգամ գերազանցում է 2009թ․ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում ոլորտի կրած կորուստները։«Ընթացիկ վիճակագրության հիման վրա կարելի է սպասել, որ տարվա արդյունքներով միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կնվազի մեկ միլիարդով կամ 70-75%-ով եւ կվերադառնա երեսուն տարվա վաղեմության մակարդակին։ Իսկ ոլորտից ստացվող եկամուտի կորուստը կհասնի $1,1 տրիլիոնի: Նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել նրան, որ համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի $2 տրիլիոնով»,- հաղորդում է UNWTO-ն։ Կազմակերպության կանխատեսմամբ՝ 2021թ․ երկրորդ կեսին զբոսաշրջությունը կարող է մասամբ վերականգնվել։ Սակայն միջազգային այցելությունների 2019-ի մակարդակին վերադառնալու համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի 2.5-ից 4 տարի։ Tweet Դիտում՝ 5260