ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում խոսել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ավելացման կարեւորության մասին։Աբբաս Բադախշան Զոհուրիին ասել է, որ Հայաստանի ու Իրանի միջեւ առկա առեւտրատնտեսական համագործակցության մեծ ներուժը դեռեւս լիարժեքորեն չի իրացվում, նաեւ հույս հայտնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան եւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համատեղ նախագծերն ու նախաձեռնությունները կդրվեն գործնական հիմքերի վրա։ Իրանի դեսպանը հայկական կողմին նաեւ առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու եւ փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը։ Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում են բուսաբուծությունը, անասնաբուծությունն ու ձկնաբուծության ոլորտները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Մեղրի» եւ իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջեւ համագործակցությանն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին։ Իրանի դեսպանն ասել է որ դրանք ոչ միայն կնպաստեն երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլեւ հնարավորություն կընձեռեն ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ:Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է միջոցներ ձեռնարկել տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության շրջանակում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, ինչպես նաեւ՝ նպաստել երկկողմ ծրագրերի իրականացմանը։ Tweet Դիտում՝ 1691