Տաթեւիկ Ռեւազյան. ՀՀ ընկերությունները դարձել են «ազգային ավիափոխադրողներ»

21.10.2020 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյան #Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից եւ պատվով կատարում են հումանիտար առաքելություն:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսեւորում են պատերազմի առաջին օրվանից:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն իրականացնում են հումանիտար բեռների տեղափոխումը, իսկ «Արմենիան հելիքոփթըրզ» ընկերությունը կենտրոնացել է վիրավորներին դեպի հոսպիտալներ տեղափոխելու վրա՝ խնայելով մարդկանց առողջության եւ կյանքերի փրկության համար թանկ րոպեները:

Հայկական ավիաընկերություններն արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առեւտրային հիմունքներով, իսկ որոշները նաեւ սեփական միջոցների հաշվին:

Ծախսերի որոշ մասը հոգում են սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Աքիլլա Տեքնիքս», «Հայաէրոնավիգացիա», «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոն» ընկերություններն, իրենց հերթին, մարդասիրական բեռներ տեղափոխող ինքնաթիռների սպասարկման ծառայությունները մատուցում են անվճար: Քաղավիացիայի կոմիտեն արագ եւ համապարփակ աջակցություն է տրամադրել՝ աշխատանքները սահուն կազմակերպելու համար:

«Ընդհանրապես մոբիլիզացվել է ամբողջ ավիացիան: Շնորհակալություն եմ հայտնում հայկական ավիաընկերություններին, Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցներին, բոլոր օղակների անձնակազմերին, օդաչուներին, ինժեներներին, անշահախնդիր աշխատող ոլորտի անկախ մասնագետներին՝ բարձր պատասխանատվության, Հայաստանին նվիրվածության եւ շուրջօրյա ճկուն համագործակցության համար: Հայկական ընկերությունները դարձել են «ազգային ավիափոխադրողներ» եւ մնացած բոլորի հետ միասին թիկունքի համար կատարում են կարեւոր աշխատանք»,- նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Հումանիտար բեռնափոխադրումների կազմակերպման նպատակով սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչները կարող են կապվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ. հեռ.՝ +374 10 589 155, էլ.փոստ՝ diaspora@gov.am :
Դիտում՝ 1726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW