Յունիբանկը թարմացրել է անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգը (վարկարժանության գնահատական)՝ ներդնելով արհեստական բանականության տեխնոլոգիան: Ինչպես նշել են բանկում, արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն կտա ավելի արագ եւ որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները եւ ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը:Արդյունքում բանկը, խնայելով ժամանակը եւ միջոցները, կկարողանա էլ ավելի օպտիմալացնել վարկերի գծով որոշումների ընդունման գործընթացը, բարձրացնել ռիսկերի գնահատման որակը եւ բարելավել բարեխիղճ հաճախորդների սպասարկումը՝ նրանց առաջարկելով վարկավորման ավելի լավ պայմաններ: 2014թ. Յունիբանկն առաջիններից մեկը Հայաստանում ավտոմատացրեց վարկային հայտերի ուսումնասիրման գործընթացը՝ ներդնելով «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության նորագույն CRM համակարգը եւ որոշումների ընդունման ժամանակ լիովին բացառելով մարդկային գործոնը: 2019թ. Յունիբանկի վարկային կոնվեյերը մշակեց ավելի քան 480 հազ. վարկային հայտ՝ հաճախորդին պատասխանը տրամադրելով գրեթե մեկ րոպեում: «Արհեստական բանականության տեխնոլոգիայի ներդրմամբ Յունիբանկը քայլ կատարեց դեպի նոր թվային իրականություն: Սքորինգի նոր մոդելը հնարավորություն կտա ակտիվ տեմպերով զարգացնել եւ ընդլայնել մասսայական վարկավորումը՝ էապես կրճատելով ծախսերը եւ բարձրացնելով հաճախորդների լոյալությունը: McKinsey-ի ուսումնասիրության արդյունքներով, այն վարկային կազմակերպություններում, որոնք օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիան, cost-to-income-ը 12 տոկոսային կետով ցածր է միջին շուկայական ցուցանիշից»,- ասել է Յունիբանկի Ռիսկեր կառավարման գծով տնօրեն Սերգեյ Քոչարյանը: «Յունիբանկը մանրածախ շուկայի առաջատարներից է: Մեր հաճախորդների թիվը Հայաստանի աշխատունակ բնակչության մոտ 1/3-ն է, եւ մենք ձգտում ենք ոչ միայն համապատասխանել բանկային ծառայությունների ժամանակակից սպառողի պահանջներին, այլ նաեւ՝ գերազանցել դրանք: Բանկի մոտ 20 տարվա աշխատանքի արդյունքում ձեւավորված վիճակագրական տվյալների եւ Big Data վերլուծության վրա հիմնված սքորինգային համակարգը հնարավորություն կտա մեզ մի քանի անգամ արագ եւ արդյունավետ որոշումներ կայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ»,- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Հետագայում Յունիբանկը կընդլայնի արհեստական բանականության կիրառումը եւ կներդնի այդ տեխնոլոգիան նաեւ գրավով սպառողական վարկերի եւ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրության հիմքում: POS վարկերի քանակով 2019թ. չորրորդ եռամսյակում Յունիբանկը Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք: Այս տարի POS վարկերի հայտերի քանակը զգալի աճել է՝ հասնելով օրական 2000: Tweet Դիտում՝ 8762