Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին Areg Energia արեւային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը եւ այլք: «Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ Դավիթ եւ Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ ոգեշնչվել հայաստանյան փոփոխություններով: Այնուհետ եկել են հայրենիք, ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել»,- նշված է հաղորդագրության մեջ:Սարավան համայնքում՝ ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա, 36 հետկար ընդգրկող հողակտորում $9 մլն-ի չափով ներդրման արդյունքն ավարտուն տեսքի կգա ամենուշը մեկ տարի անց: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարեւորեց Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են այստեղ շահույթ ստանալ: «Սփյուռքահայ գործարարների ու նրանց խնդիրների կողքին յուրաքանչյուր պահի կանգնած է նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը»:Համաներդրող, գործարար Աշոտ Մկրտչյանը նշել է, որ իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք, եւ բարեհաջող ընթացքի դեպքում ներդրումներ կկատարվեն նաեւ այլ ոլորտներում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը տեսակապի միջոցով իր վստահությունը հայտնեց, որ արեւային էներգետիկայի ոլորտում Կիպրոսի Հանրապետության փորձը մեծապես կնպաստի ներդրման հաջողությանը: Ըստ կիպրահայ պատգամավորի՝ այս նախաձեռնությունը խթանելու է ինչպես Հայաստան-Կիպրոս հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ու Հայաստանի տնտեսական առաջընթացին:Կիպրահայ գործարար, համաներդրող Դավիթ Պետրոսյանը կարեւորեց Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ներդրման որոշման կայացման գործում Զարեհ Սինանյանի դերակատարությունը: Ըստ գործարարի՝ այս նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Tweet Դիտում՝ 10802