ՀԲ-ն Հայաստանին $2,7 մլն-ի դրամաշնորհ է հատկացրել

06.05.2020 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #JSDF #դրամաշնորհ
Այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ)Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը ստորագրել են «Հայաստանում սոցիալական ինտեգրման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը։

Ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ $2,7 մլն արժողությամբ եռամյա դրամաշնորհի ձեւաչափով։

Ծրագիրը կազմել է Համաշխարհային բանկը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ. այն իրականացվելու է Հայաստանի սոցիալական աշխատողներին ներկայացնող՝ հասարակական, շահույթ չհետապնդող ազգային մասնագիտական մարմնի կողմից։

«Ուրախ ենք ստորագրելու այս համաձայնագիրը քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ, որը ճապոնական դրամաշնորհի շահառուն եւ այս ծրագիրն իրականացնող կառույցն է: Այս ծրագրի նպատակն է զբաղվածության հնարավորությունների բարելավման միջոցով ավելի լավ ինտեգրել խոցելի անձանց եւ օգնել նրանց դառնալ հասարակության ավելի ակտիվ անդամներ»,- նշել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն։

«Ճապոնիայի կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել այս ծրագրի հույժ կարեւորությունը: Ես խորապես համոզված եմ, որ ծրագիրը նպաստելու է խոցելի բնակչության կյանքի բարելավմանը՝ հատկապես Հայաստանի մարզերում, եւ դա իրականացվելու է  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման եւ նախանշված շահառուների մասնագիտական վերապատրաստման միջոցով»,- իր հերթին ասել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։

Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի մեծացնել սոցիալական աջակցության նպաստներից եւ ծառայություններից օգտվելու հնարավորությունն ու ինքնազբաղվածության հարցում աջակցություն տրամադրել  հասարակության ավելի քան 11,000 խոցելի անդամների Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքներում։ Շահառուների ընտրության չափանիշներով առավելություն է տրվելու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ հաշմանդամ անդամ(ներ), մինչեւ 5 տարեկան երեխա եւ աշխատանքային տարիքի մոտիվացված չափահաս ունեցող տնային տնտեսություններին։

«Ծրագրի նպատակները համահունչ են կառավարության ներկայիս բարեփոխումների օրակարգին, հատկապես, խոցելի խմբերի զբաղվածության եւ ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանման իմաստով, ինչն աղքատության հաղթահարման ամենահուսալի եղանակն է: Նախարարությունը շարունակելու է օժանդակել ծրագրի իրականացմանը՝ խրախուսելով շահառուների ինքնաբավ կենսապահովման մեխանիզմները»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Դիտում՝ 5981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW