ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման գործում

06.05.2020 | 08:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Օլիվեր Վարհեի #Զոհրաբ Մնացականյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 5-ին տեսազանգ է ունեցել ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով նորանշանակ հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:

Տեսազանգին մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Փոխվարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար: Նա անդրադարձել է Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին եւ տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումների աստիճանական վերացմանը:


Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառավարության եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջեւ շարունակվում է ամենօրյա աշխատանքը՝ հստակեցնելու համատեղ գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով:

Փոխվարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ այս բարդ իրավիճակում հնարավոր եղավ ապահովել ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգի առանցքային ուղղություններում իրականացվող ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ դատաիրավական եւ ոստիկանության բարեփոխումների, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով:

Օլիվեր Վարհեին իր հերթին բարձր է գնահատել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները եւ վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն:

ԵՄ հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն կանգնած է իր գործընկերների կողքին նաեւ ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը, եւ ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման եւ զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես բարեփոխումների հենասյուներից մեկի ամբողջական կիրարկման կարեւորությունը:

Իր հերթին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ընդգծել է Արեւելյան գործընկերության՝ որպես արժեքահեն եւ ներառական համագործակցության հարթակի պահպանման, ինչպես նաեւ ԱլԳ երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու եւ խթանելու առանցքային նշանակությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությանը։
Դիտում՝ 1303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW