ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար:«Որոշ գնահատականների համաձայն՝ անկումն ավելի խորն է լինելու, քան 2008-2009-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ էր: Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019-ին: Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքը փոխելու»,- ասել է վարչապետը:Նրա խոսքով՝ աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն` համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու. «Մենք պետք է այսօրվանից տրամադրվենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ այս խնդիրը պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում»:Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իրենք հստակ քայլեր են մշակել բիզնեսի մրցունակ եւ հեռանկարային հատվածին աջակցելու համար: Այդպիսի առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ:«Կառավարությունը շուրջ 150 մլրդ դրամ է տրամադրելու հետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակաները նախապատրաստելու համար: Մենք կընդունենք նաեւ գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր, բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին կոչ է արել ակտիվորեն զբաղվել գարնանացանի աշխատանքներով. «Պարետատան որոշմամբ՝ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական: Կառավարության առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի նաեւ գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու, աշխատատեղերը պահպանելու եւ աշխատավարձերը վճարելու համար»: Tweet Դիտում՝ 1046