«Լիդիանը» մեկնաբանել է Ամուլսարի հնարավոր նոր ուսումնասիրությանը

19.03.2020 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
«Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կառավարությունը չունի որեւէ արդարացված հիմնավորում՝ պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ:

«ՀՀ վարչապետը մարտի 12-ին հայտարարեց, որ կառավարությունը նպատակ ունի Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ հարցերի նոր փուլ սկսել, եւ շահագրգիռ կողմերին ներկայացվելու է 154 հարց՝ նրանց մեկնաբանությունները ստանալու համար:

Վերջին 21 ամիսների ընթացքում «Լիդիանը» կորցրել է ավելի քան 119 միլիոն ԱՄՆ դոլար, հիմնական ժամանակն ու ռեսուրսները նվիրելով Ամուլսարի ծրագրի առնվազն 3 ամբողջական բնապահպանական տարատեսակ ստուգումների եւ փորձաքննությունների ընթացքում բարձրացված անհամար հարցերին պատասխանելուն: Կառավարությունը չունի որեւէ արդարացված հիմնավորում պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, որեւէ այլ ընկերության Հայաստանում նման պահանջ չի ներկայացվել:

ՀՀ վարչապետը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ.

- Ամուլսարի ծրագրի նախորդ բնապահպանական փորձաքննություները տվել են հարցերի պատասխանները,
- Չկա իրավական հիմք կասեցնելու «Լիդիանի» գործունեությունը,
- Չկա իրավական հիմք պահանջելու «Լիդիանից» նոր ՇՄԱԳ,
- «Լիդիանը» հաստատել է, որ համապատասխանելու է նախանշված բոլոր բնապահպանական կառավարման չափանիշներին,
- Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարման առումով «Լիդիանը» լավագույնն է,
- Ընկերության դեմ արշավը ֆինանսավորում են մրցակիցները, որոնց նպատակն է խանգարելու «Լիդիանի» գործունեությունը,
- Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պահանջվելու է համապատասխանել «Լիդիանի» բնապահպանական կառավարման մակարդակին եւ վճարել դրա համար,
- Ամուլսարի ծրագրի կասեցումը խտրականություն կլինի «Լիդիանի» դեմ եւ բացասական կազդի Հայաստանի ներդրումային գրավչության վրա,
- Պետության շահերից է բխում թույլ տալ «Լիդիանին» աշխատել,
- Ճանապարհները շրջափակողները պետք է ապաշրջափակեն դրանք:

Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է տարբեր առիթներով՝ հրապարակավ:

Վերջին մեկ տարվա ընթացքում դատական մի շարք վճիռներ վերահաստատել են «Լիդիանի» մուտքի իրավունքը՝ ցուցում տալով պատկան մարմիններին ապահովել «Լիդիանի» իրավունքները, ինչպես նաեւ որոշ պետական պաշտոնյաների  գործողությունները որակել են կողմնակալ՝ «Լիդիանի» դեմ:

Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել, ինչը չի կարելի ասել «Լիդիանի» եւ Ամուլսարի ծրագրի հանդեպ ՀՀ կառավարության գործողությունների ու անգործության վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցերի մասին:

ՀՀ կառավարությունը պետք է ապահովի արդար եւ հավասար մրցակցային պայմաններ «Լիդիանի» նկատմամբ, ապահովի օրենքի գերակայությունը եւ պաշտպանի ոչ միայն «Լիդիանի» եւ նրա ներդրողների օրինական իրավունքները, այլ նաեւ Հայաստանի այն հազարավոր քաղաքացիների, որոնք մեծապես տուժել են Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման պատճառով եւ այս տեւական ապօրինության արդյունքում շարունակում են կրել ահռելի սոցիալական եւ տնտեսական դժվարություններ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:
Դիտում՝ 936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW