Ամերիաբանկն արժանացել է IFC երկու մրցանակի առեւտրի ֆինանսավորման ոլորտում

26.02.2020 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #IFC
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Ամերիաբանկին շնորհել է երկու մրցանակ` «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» մրցանակը եւ «Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ» մրցանակը:

«Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում լավագույն թողարկող բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:

«Մրցանակները վկայում են առեւտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի հաջողության մասին: Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակում IFC-ի երաշխավորությամբ թողարկված վարկային նամակների ներքո Ամերիաբանկը ներգրավել է կարճաժամկետ եւ երկարաժամկետ ֆինանսավորում, որն ուղղվել է գյուղատնտեսության եւ ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերությունների կողմից գերժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցանակներն Ամերիաբանկին Երեւանում շնորհել է IFC-ի` Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջորջինա Բեյքերը, որը նշել է.

«IFC-ն շատ է կարեւորում առեւտրի ֆինանսավորումը որպես մի ոլորտ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության եւ զարգացման համար: Հայաստանում մեր վաղեմի գործընկեր Ամերիաբանկը մեր աջակցությամբ ֆինանսավորում է ջերմոցային տնտեսության եւ ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերություններին, նրանց աջակցում էներգախնայող սարքավորումների ձեռքբերման հարցում` նպաստելով տնտեսական աճին եւ ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս երկու մրցանակներն իրավամբ վկայում են Ամերիաբանկի մեծ հաջողության մասին, որին բանկը հասել է` համագործակցելով IFC-ի հետ»:  

«Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով լավագույն գործընկեր-բանկ» մրցանակն IFC-ն այս տարի շնորհում է առաջին անգամ: Մրցանակի նպատակն է խրախուսել Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի՝ միջնաժամկետ (մինչեւ 5 տարով) գործարքների գծով պարտավորությունները երաշխավորող հատվածի լավագույն եւ ամենաակտիվ գործընկերներին: Առեւտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի միջնաժամկետ հատվածի շահառուներն են կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված սարքավորումներ ձեռք բերող ձեռնարկությունները:

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն էլ է.

«Մենք բարձր ենք գնահատում IFC-ի կողմից շնորհված մրցանակները: Մեզ համար մեծ պատիվ է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արժանանալ մրցանակի, որը շնորհվում է առաջին անգամ: Առեւտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք IFC-ի հետ դեռեւս 2009-ից եւ դրա շնորհիվ կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ծավալը: Ես վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում մեր համատեղ ջանքերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի եւ մեր երկրի տնտեսության աճին»:
Դիտում՝ 12391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW