Երեւան, 4 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երեւանում փոստի առաքումը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, հայտարարել է “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում հանդես գալով “Հայփոստի” աշխատակիցների հետ հանդիպմանը, Հանս Բոոնը հայտնել է, որ “Հայփոստի” երեւանյան բոլոր բաժանմունքներում մինչեւ ժամը 18:00-ը ստացված նամակների 98%-ը հասնում է հասցեատերերին արդեն հաջորդ առավոտյան, ինչը համապատասխանում է փոստային բաժանմուքների աշխատանքին այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ամստերդամն ու Բրյուսելը: “Մենք պարծենում ենք 2007 թվականին ձեռք բերված արդյունքներով եւ նախատեսում ենք առաջիկա ամիսներին արագացնել փոստի առաքումը նաեւ Հայաստանի շրջաններում”,- ասել է Հանս Բոոնը: Նա նաեւ նշել է, որ “Հայփոստը” պատրաստվում է Հայաստանում “Միջազգային փոստային էքպրես ծառայության” ներդրմանը, որը թույլ է տալիս նամակներ հասցնել աշխարհի ցանկացած կետ 48 ժամվա ընթացքում: Հանս Բոոնը հայտնել է, որ “Հայփոստի” անդամակցությունը միջազգային փոստային կազմակերպություններին ընկերությանը թույլ է տալիս դառնալ “ավելի եվրոպական” փոստային օպերատոր: “Դա նպաստում է այլ երկրների փոստային օպերատորների հետ փորձի փոխանակմանը, անձնակազմի համատեղ հանդիպումների եւ վերապատրաստման դասընթացների անցկացմանը”,- ասել է Հանս Բոոնը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7712