«Լիդիանը» ներկայացնում է բորսայից ապացուցակման հետեւանքները

30.01.2020 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան #Ամուլսար
Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում «Լիդիան Ինթերնեյշնլը» նախորդ տարվա ավարտին դիմել էր կանադական դատարան՝ «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (CCAA)) նախատեսված պաշտպանություն ստանալու համար:

Ընկերությունը սկսել էր նաեւ ռեստրուկտուրիզացիայի գործընթացը, որի շրջանակում նախատեսվում է, որ փետրվարի 5-ի «Լիդիան Ինթերնեյշնլը» կապացուցակվի Տորոնտոյի ֆոնդային բորսայից:

«Հաշվի առնելով, որ «Լիդիանի» բաժնետերերի շարքում կան բազմաթիվ Հայաստանի քաղաքացիները, եւ վերջին շրջանում ապացուցակման գործընթացի եւ դրանից բխող հետեւանքների վերաբերյալ ընկերությանը մշտապես հարցեր են ուղղվում տարբեր քաղաքացիների կողմից՝ այս առնչությամբ ընկերությունը ներկայացնում է մի շարք հարցերի պատասխաններ»,- ասված է հաղորդագրությունում:  

- Ինչո՞ւ է Տորոնտոյի ֆոնդային բորսան (ՏՖԲ) ապացուցակում «Լիդիան» ընկերությունը։

- Թողարկողի կողմից «Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտի» (CCAA) շրջանակում  պաշտպանության գործընթաց սկսելու պարագայում ՏՖԲ-ն պարտավոր է դադարեցնել բաժնետոմսերի առուվաճառքն ու դիտարկել արագացված ապացուցակման հնարավորությունը։

- Կարո՞ղ է արդյոք ընկերությունը կրկին ցուցակվել։

- Միայն այն պարագայում, եթե ընկերությունը կարողանա հաջողությամբ դուրս գալ վերոնշյալ պաշտպանության գործընթացից եւ բավարարել ցուցակման համար ՏՖԲ-ի կողմից սահմանված բոլոր պահանջները։ Տվյալ պահի դրությամբ դա քիչ հավանական է։

- Ինչո՞ւ «Լիդիանին» չհաջողվեց համապատասխանել ՏՖԲ-ի ցուցակման պահանջներին։

- Ապօրինի շրջափակումն ու կառավարության անգործությունը հանգեցրեց նրան, որ «Լիդիանը» չկարողացավ լրացուցիչ ֆինանսավորում գտնել չնախատեսված ծախսերը ծածկելու համար։ Արդյունքում ընկերությունը ստիպված եղավ դիմել CCAA պաշտպանության, որը եւ հանգեցրեց ապացուցակման։

- Ինչպե՞ս է այս իրավիճակն անդրադառնում «Լիդիանի» բաժնետերերի վրա։

- Ընկերության բաժնետոմսերն այլեւս չեն կարող վաճառվել ՏՖԲ-ում։ Այնուամենայնիվ, այն բաժնետերերը, որոնք ունեն բաժնետոմսերն այլ կերպ վաճառելու կամ գնելու հնարավորություն, կարող են անել դա ՏՖԲ-ից դուրս։ Ինսայդեր հանդիսացող կամ «Լիդիանի» վերաբերյալ կարեւոր ներքին տեղեկատվության տիրապետող բաժնետերերին արգելվում է զբաղվել բաժնետոմսերի առուվաճառքով։

- Արդյո՞ք «Լիդիանի» բաժնետոմսերը դեռեւս ունեն որեւէ արժեք։

Բաժնետոմսերն արժեն այնքան, որքան գնորդը պատրաստ է վճարել դրանց համար։

- Արդյո՞ք բաժնետերերը կկարողանան պահանջել իրենց հասանելիք հատուցումը այն դեպքում, եթե «Լիդիանը» սկսի եւ հաղթի արբիտրաժային գործընթացում։

- Եթե արբիտրաժի արդյունքում «Լիդիանը» ՀՀ կառավարությունից ստանա կրած վնասների հատուցումը, ապա ընկերությունը կկարողանա բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելուց հետո մնացած մասը բաշխել իր բաժնետերերի միջեւ։ Ամեն դեպքում դատական որոշման կատարումը կարող է տարիներ տեւել եւ չբավարարել բոլոր պարտքերն ու ծախսերը վճարելու համար։

-  Ի՞նչ կստանան բաժնետերերն այն դեպքում, եթե «Լիդիանը» վաճառի Ամուլսարի ծրագիրը։

- Դա կախված կլինի վաճառքի գնից եւ վաճառքի գործընթացի կառուցվածքից։ Ամեն դեպքում վաճառքի գնի վրա էապես կազդի հանքի տարածքի շրջափակման հանգամանքը, եւ բաժնետերերը հավանաբար կտուժեն,  եթե ծրագրի վաճառքի պահի դրությամբ տարածքը դեռեւս գտնվի շրջափակման մեջ։ Բացի այդ, վաճառքի դեպքում մնացած գումարը հավանաբար չի բավարարի բաժնետերերին վճարելու համար։

- Ի՞նչ կլինի բաժնետերերի հետ, եթե «Լիդիանը» շարունակի ծրագիրը։

- Ծրագիրը շարունակելու համար «Լիդիանին» անհրաժեշտ է զգալի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչ ներկայիս բաժնետերերին վճարելը, անհրաժեշտ կլինի վճարումներ կատարել այդ ֆինանսավորման մասով։ Բացի այդ, ընթացիկ կապիտալը կարող է վերակազմավորվել CCAA պաշտպանության գործընթացի արդյունքում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կապիտալի զգալի նվազմանը կամ վերացմանը։
Դիտում՝ 1415
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW