Time. Հայէկոնոմբանկ՝ hայաստանյան նախընտրելի բանկային գործընկերը

24.12.2019 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սարիբեկ Սուքիասյան #Հայէկոնոմբանկ #Time
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը հարցազրույց է տվել Time հանդեսին:

Ստորեւ ներկայացնում ենք հրապարակման հայերեն թարգմանությունը, որը տրամադրել է բանկը:

Հայէկոնոմբանկ՝ hայաստանյան նախընտրելի բանկային գործընկերը

Հայաստանի թավշյա հեղափոխության գործերը լավ են։ Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո նոր, 5-ամյա ժամկետով կառավարությունը նորոգեց իր միտվածությունն արդյունավետ կառավարմանը եւ վերահաստատեց իր վճռականությունը կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաեւ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու գործում: Տնտեսությունը պատշաճ արձագանքեց՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համար արձանագրելով 6,8% աճի տեմպ:

Երկրի բարելավվող կանխատեսումների համար երախտիքի մի էական մաս բաժին է ընկնում հայկական բանկային համակարգին եւ կայունությանը, որը Հայէկոնոմբանկի (ՀԷԲ) նման բանկերը կարողացել են հաստատել։ Ներդրողների վերաբերմունքը փոխվել է, եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը 2018թ. չորրորդ եռամսյակում կազմել է ռեկորդային $426 մլն։

Հայաստանին արտաքին աշխարհի մոտ գնալով ավելի նպաստավոր տպավորություն թողնելու գործում օգնում է ավելի շուտ երկրի բանկերի որակը, քան քանակը։ ՀԷԲ-ը դրա վառ ապացույցն է։

Նախկին «Ժիլսոցբանկն» առաջին պետական բանկն էր, որը սեփականաշնորհվեց, երբ 1997-ին այն վաճառվեց SIL Group-ին (Սուքիասյան եղբայրներ) `Հայաստանի ամենաազդեցիկ արդյունաբերական խմբերից մեկը, որի առեւտրային գործունեությունը տարածվում է ռեստորաններից եւ հյուրանոցներից մինչեւ շինարարություն եւ անշարժ գույք։

Այսօր Հայաստանի բոլոր 17 բանկերը մասնավոր են, իսկ նրանցից երեքը, ներառյալ ՀԷԲ-ը, բաց բաժնետիրական ընկերություններ են։ Նրանց վերափոխումը ծնվեց անհրաժեշտությունից, ինչպես հիշատակեց բանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, չորս եղբայրներից մեկը, ովքեր SIL Group-ի շարժիչ ուժերն են եւ բանկում համատեղ ունեն 72.14% բաժնեմաս։

«Երբ մենք գնեցինք բանկը, այն սնանկացման եզրին էր»,- ասաց նա։ «Դա դժվարին ժամանակահատված էր եւ Հայաստանի համար անցումային ժամանակ, սակայն այդ ամենի ընթացքում մենք կարողացանք պահպանել մեր կայունությունը, որը, ինչպես ես միշտ համարել եմ, թերեւս բանկի կարեւորագույն հատկանիշներից է։

Մենք նաեւ հաշվի առանք ընդհանուր բանկային համակարգի փխրունությունը եւ ուշադիր էինք, որպեսզի չափազանց ագրեսիվ չմտնենք շուկա»։

Ավելի կոնկրետ՝ Սուքիասյանն ու իր գործընկերները հստակ գիտակցում էին, որ թեեւ ԽՍՀՄ-ի կազմալուծմամբ անսպասելիորեն ազատ շուկայական կապիտալիզմը դարձրել է Հայաստանի տնտեսության միակ հնարավոր բիզնես մոդելը, սակայն միեւնույն ժամանակ անհրաժեշտ էր հաշվի առնել, որ հասարակությունն իր առանձնահատկություններն ուներ։

«Մենք սկսեցինք փորձել վերարտադրել որոշ լավագույն բիզնես սովորույթներ, որոնք մենք տեսել էինք այլ երկրներում: Գնահատելով կորպորատիվ կառավարման նշանակությունը բանկի արդյունավետ զարգացման հեռանկարի տեսանկյունից՝ քայլեր ձեռնարկվեցին կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման գործում: Բանկում բոլոր որոշումները կայացվել եւ կայացվում են կոլեգիալ սկզբունքով:

Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին՝ մեր որդեգրած առաջին մոտեցումներից մեկն այնպիսի մարդկանց ընդունելն էր, որոնք արժանի էին տվյալ աշխատանքին: Այդ սկզբունքը պահպանում ենք մինչ օրս»։

Գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի նշանակումը դրա օրինակն է։ «Նա սկսել է որպես ստաժոր եւ իմ ազգականը չէ, բայց նա Խորհրդի որոշմամբ Գործադիր տնօրեն նշանակվեց, քանզի տարիներ շարունակ աչքի է ընկել իր բարձր մասնագիտական կարողություններով եւ բանկի նկատմամբ նվիրվածությամբ»:

Բանկի թափանցիկ գործելաոճը գրավեց օտարերկրյա ներդրողների ուշադրությունը, երբ 2004թ.-ին ՎԶԵԲ-ը համաձայնեց բանկի կապիտալում ձեռք բերել 25%+1 բաժնետոմս: Դա նրա առաջին այամասնակցությունն էր հայաստանյան ֆինանսական կազմակերպությունում, որն օգնեց բանկին հաղթահարել 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամը։

«Այդ տարին շատ ծանր էր բանկային հատվածի համար,- հիշում է նա,- բայց քանի որ մենք հիմնականում աշխատում էինք փոքր եւ միջին բիզնեսի հետ, մենք գոյատեւեցինք։ Դա ապացուցեց, որ դանդաղ ընդլայնվելու մեր որոշումը ճիշտ էր»։

ՀԷԲ-ի համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ նաեւ առաջինն էր միջոցառումների երկար ցանկում, որոնք հաստատվեցին միջազգային բանկային համակարգի եւ ֆինանսական ծառայությունների ավելի լայն համայնքի հետ։ Ի թիվս այլոց, բանկը SWIFT եւ VISA վճարային համակարգերի անդամ է։

2007-ից բանկը վարկանշվում է Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերության կողմից, որը 2019թ. բարելավել է բանկի վարկանիշերը:

Բացի ճանաչումից, տեխնիկական աջակցությունից եւ հուսալի խորհրդատվությունից, որը ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը բերեց ՀԷԲ-ին, այն դրական ազդեցություն ունեցավ ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա բանկային հատվածի վրա, ընդհանուր առմամբ խթանելով մրցակցությունը: «Մենք բոլորս շատ բան սովորեցինք ՎԶԵԲ-ից,- ընդունում է Սուքիասյանը,- եւ մեր մասով նրանց ներկայությունը որպես բաժնետեր ինչպես անհատներին, այնպես էլ ընկերություններին հավաստիացնում էր մեր հուսալիության մասին»։ Դրա մասնակցության եւս մեկ առավելություն այն էր, որ այն համապատասխան դրական ազդանշաններ ուղարկեց մոտ 3200 բաժնետերերին, ովքեր շարունակում են գոհ մնալ իրենց ունեցած 27% բաժնետոմսերի եկամտաբերությունից։

Նրանց բավարարվածության եւս մեկ պատճառ է ՀԷԲ-ի ղեկավար կազմի վճռականությունը՝բանկը դարձնել ավելի շուտ լավագույնը, քան խոշորագույնը Հայաստանում։ Ներկայումս երկրում գործում են 17 բանկեր, որոնք ունեն ընդհանուր մոտ 550 մասնաճյուղ, ուստի ՀԷԲ-ն իր 53 մասնաճյուղերով հաստատ տեղ ունի երկրորդ խմբում։

Սուքիասյանը միանգամայն գոհ է դրանից։ «Ակտիվների մեծ մասը գտնվում է ՀՀ չորս խոշորագույն բանկերի ձեռքում,- ասաց նա, -եւ ես չեմ ցանկանում նրանցից մեկը լինել»։

Նա փոխարենը կենտրոնանում է բանկի կայունության եւ ծառայությունների որակի վրա, որոնք ՀԷԲ-ը մատուցում է ինչպես իր մանրածախ, այնպես էլ ՓՄՁ հաճախորդներին։ Հաշվի առնելով այս նպատակը, բանկը ոգեւորությամբ ընդունեց թվայնացման եւ ֆինանսական տեխնոլոգիաների արագ առաջընթացները, որոնք վերափոխում են բանկային գործի գրեթե բոլոր ասպեկտները՝ միաժամանակ օգնելով խորքային փոփոխություններ կատարել հաճախորդների վարքագծում։

«Մենք նախկինում գնում էինք եւ մեր ծառայությունները վաճառում պոտենցիալ հաճախորդներին,- վերհիշում է նա,- բայց այդ ամենը փոխվել է:

Այսօր մենք ունենք բջջային բանկինգ, ունենք գերժամանակակից, հասարակության արդի պահանջներին բավարարող սարքավորումներով հագեցած եւ շուրջօրյա ավտոմատ սպասարկման նարավորությամբ մասնաճյուղ, որը բաց է 24/7: Մեր հաճախորդներն այլեւս կարիք չունեն գալու մեր մասնաճյուղեր, քանի որ նրանք կարող են ամեն ինչ անել տանից։

Բայց նրանք կարիք ունեն վստահելու մեզ, եւ մեր պատմության շնորհիվ նրանք գիտեն, որ մենք կայուն բանկ ենք՝ կառավարման լավ թիմով»։

«Մենք սիրում ենք մեր երկիրը,- ասում է Սուքիասյանը, -եւ ցանկացած նորամուծություն, որ մենք հայտնաբերում ենք այլ տեղում, փորձում ենք մեզ հետ բերել եւ իրականացնել այստեղ՝ մեր երկրում»։

Անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ՓՄՁ-ները ապահովել են երկրի ՀՆԱ-ի մոտավորապես մեկ երրորդը, եւ դրանց զարգացումը գտնվում է ինչպես կառավարության, այնպես էլ Սուքիասյանի օրակարգում։ Վերջին տարիներին ՀԷԲ-ը գտնվել է ՓՄՁ ոլորտի միկրո հատվածի համար ֆինանսավորում ապահովելու շարժման ավանգարդում, ինչն ինքնին 11% է կազմում երկրի շրջանառությունում։

Օրինակ, բանկը ՎԶԵԲ-ի հետ ստորագրեց ընդհանուր $12 մլն վարկի պայմանագիր` կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով ֆինանսավորում տրամադրելու համար:

ՀԷԲ-ի կողմից առօրյա մատուցվող ծառայությունների որակը եւ նորարարական մոտեցումները, որոնք առկա են SIL Group-ի վերահսկողությունը հաստատվելուց ի վեր, պարբերաբար ճանաչվել են միջազգային բանկային հասարակության կողմից եւ գնահատվել է հաճախորդների կողմից։ ԱԶԲ-ն նրան երեք տարի անընդմեջ առեւտրի ֆինանսավորման ոլորտում շնորհել է Հայաստանի առաջատար գործընկեր բանկի կարգավիճակը: 2018թ. Global Banking and Finances-ը բանկը կոչել են «Հայաստանի ամենաարագ զարգացող առեւտրային բանկ»:

Բանկի շարունակական հաջողությունը եւ հիմնարար կայունությունը մեծապես պայմանավորված են շուկայի փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությամբ։ Երբ Կենտրոնական բանկը Հայաստանի բանկերի համար սահմանեց 2017թ. սկզբից ուժի մեջ մտնող՝ նորմատիվային կապիտալի նախկին նվազագույն շեմը վեց անգամ գերազանցող պահանջ, ՀԷԲ-ն արագ արձագանքեց դրան եւ ձեռք բերեց ղազախական ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղը: Միավորումը հաջողություն ունեցավ: «Աշխատակիցները դա արեցին, այլ ոչ թե ես»,- ասում է Սուքիասյանը:

Սուքիասյանը խիստ շահագրգռված է Հայաստանի ապագայի զարգացման համար եւ ունի միջոցառումների երկար ցանկ, որն իր համոզմամբ կարող է նպաստել երկրի երկարաժամկետ բարգավաճմանը։

Այդ ծրագրի ամենաառաջին կետերից է Հայաստանը վերածել բաժնետերերի երկրի, որոնք ֆինանսական առումով գրագետ են այնքան, որ կարողանան ակտիվ մասնակցություն ունենալ տեղական բիզնեսի աճին։

«Բաժնետիրական հասարակության գաղափարն այն է, որ տնային տնտեսուհին ռադիոյով լսում է պատմություն հաջողված նոր ընկերության մասին,- բացատրում է նա։ -Նա ձեռք է բերում բաժնետոմսեր՝ դրանով իսկ կատարելով իր խնայողությունների դիվերսիֆիկացիա»։

Դա կարող է լինել տեսականում, սակայն Հայաստանում գործնականում այդպես չէ։ Բնակչության մեծամասնությունը դեռեւս նախընտրում է իր խնայողությունները պահել բանկային ավանդների տեսքով՝ ծանոթ չլինելով ներդրման այլընտրանքային տեսակներին: Ֆինանսական գրագիտության պակասը խնդրի միայն մի մասն է, սակայն մյուսը Հայաստանի արժեթղթերի բորսայի թերզարգացած վիճակն է։

Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների միջոցով նպաստել բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծմանը, ինչը թույլ կտա ակտիվացնել արժեթղթերի շուկան եւ բորսան:

Մյուս խնդիրը բանկային համակարգի դոլարիզացիան է, ինչը տնտեսությունը զգայուն է դարձնում արտաքին ցնցումների նկատմամբ, թեպետ 2019թ. մարտի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում ազգային արժույթով վարկերն արդեն պորտֆելի գրեթե կեսն են կազմել:

Որպես տնտեսության զարգացման կարեւոր ուղղություններ՝ Սուքիասյանը մատնանշում է զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը եւ արտահանումը: Վերջինիս համար, սակայն, խոչընդոտ է հանդիսանում տրանսպորտային ենթակառուցվածքի անբավարար վիճակը:

Սուքիասյանը դիվերսիֆիկացիայի ջատագով է եւ կցանկանար տեսնել քայլեր, որոնք երկրի ՏՏ եւ կրթական ոլորտին կտրուկ մեկնարկ կտային։ Ըստ նրա՝ տեխնոլոգիայի առաջընթացը կարող է կիրառվել նաեւ երկրի հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացման համար:
Դիտում՝ 10246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW