Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 6-ը նախաձեռնել եւ իրականացնում է մի շարք միջոցառումներ Կանադայի Քվեբեկ եւ Օնտարիո նահանգներում։ Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում տեղի է ունենում La Grande Degustation de Montreal 2019 գինու եւ ոգելից խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին հիմնադրամը միասնական տաղավարով ներկայացնում է 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինի։La Grande Degustation de Montreal-ը գինու եւ ոգելից խմիչքների հեղինակավոր ցուցահանդես է, որին յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 200 արտադրող ամբողջ աշխարհից եւ ունենում 13 000-ից ավելի այցելու։«Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ներկայացնել Հայաստանի գինեգործական պատմությունն ու բացառիկ գինիները հազարավոր գինու սիրահարներին, գնորդներին ու մասնագետներին»,- նշել են հիմնադրամում:Նոյեմբերի 4-ին, Հիմնադրամի եւ Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաք Օտտավայում՝ ՀՀ դեսպանատանը, կկազմակերպվի հայկական գինիների շնորհանդես եւ համտես՝ տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար: Միջոցառման հյուրերին Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կներկայացվի Հայաստանի գինեգործության պատմությունը եւ մշակույթը, գինեգործության ժամանակակից ներուժը եւ առանձնահատկությունները: Նոյեմբերի 6-ին Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում գինու առաջատար լրագրող եւ վարպետ (Master of Sommelier) Ջոն Շաբոն նեղ մասնագիտական լսարանի համար կանցկացնի հայկական գինիների շնորհանդես-համտես, որը հնարավորություն կտա գինու միջազգային գնորդներին եւ դիստրիբյուտորներին ծանոթանալ Հայաստանի լավագույն գինիների հետ։ Tweet Դիտում՝ 3075