Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը:Միջոցառմանը մասնակցում են ՀՊՏՀ, հայաստանյան եւ արտերկրի բուհերի (Բարսելոնայի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ այլ) պրոֆեսորներ, տնտեսագետներ, հյուրեր:ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ Հայկական տնտեսագիտական միության ներկայացուցիչների հետ իր ծանոթությունը ցույց է տվել, որ միության եւ մեր համալսարանի առաքելության հսկայական մասը համընկնում է: «Եվ չափազանց կարեւոր է, որ համատեղ ջանքերով կարողանանք լուծել մեր տնտեսության համար կարեւոր խնդիրներ: Այն գործընթացը, այն մոտեցումները, որ որդեգրված են համապատասխան կազմակերպությունների կողմից, շատ դեպքերում համընկնում են»,- ասել է նա:Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացմամբ շահագրգիռ կողմերի գործակցության համատեքստում կարեւորել է բուհերի, այդ թվում՝ ՀՊՏՀ-ի հետ համատեղ աշխատանքը: Նա տեղեկացրել է, որ գիտաժողովն այս օրերին կհամախմբի 15 երկրների տնտեսագետների, եւ քննարկումներ կծավալի արդիական թեմաներով, որոնք առնչվում են նաեւ ՀՀ տնտեսությանը: Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը հանդես է եկել զեկույցով, որը խորքային մասնագիտական վերլուծություն էր միասնական եվրոպական արժույթի կայացման պատմության, եվրոպական երկրների տնտեսական համագործակցության, տնտեսական զարգացման եւ ինտեգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ եվրոպական միասնական արժույթի տնտեսական եւ քաղաքական ազդեցության գնահատում: Այնուհետեւ գիտաժողովը շարունակվել է «Ինչո՞ւ է կարեւոր տնտեսագիտական կրթությունը» թեմայով պանելային քննարկմամբ:Եռօրյա գիտաժողովը հաջորդ երկու օրերին կընթանա Հայաստանի ազգային ագրարային եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում:Օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3593