Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ

12.03.2019 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,75%:

«2019թ. փետրվարին գրանցվել է 0,6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,5% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ կազմելով 1,9%: Ամսվա գնաճին բացառապես նպաստել է սեզոնային ապրանքների գների աճը:

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման ներքո համաշխարհային պահանջարկը որոշ չափով թուլացել է, որի պարագայում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը ժամանակավորապես հետաձգել են դրամավարկային պայմանների ճշգրտումը: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018թ. չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով տնտեսական աճը սպասվածից բարձր է եղել՝ պայմանավորված հիմնականում մասնավոր սպառման բարձր աճով: Համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն է պահպանվել նաեւ 2019 թ. սկզբին՝ հունվարին կազմելով 6.1%: Նշենք, որ տարեսկզբին եւս հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին պահանջարկի վրա շարունակում է թողնել զսպող ազդեցություն, որը, ըստ ԿԲ գնահատման, առաջին կիսամյակում կչեզոքանա»,- ասված է հաղորդագրությունում:


Ստեղծված իրավիճակում խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, քանի որ ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը եւ եկամուտների գնողունակության պահպանմանը:

Հաշվի առնելով վերոնշյալ միտումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանող մակարդակը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Միեւնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:


«Կանխատեսվող հորիզոնում դեռեւս գերակշռում են գնաճի նպատակի իրագործման ներքեւի ուղղությամբ ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին եւ թե՛ ներքին գործոններով: Դրանց դրսեւորման դեպքում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար»,- ամփոփել են ԿԲ-ում:
Դիտում՝ 1590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW