Երեւան, 13 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ “բարդ միջազգային տնտեսական գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն մեր երկրի իրավիճակի վրա եւ ստիպում են հստակեցնել պատկերացումները համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքավորման մասին”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարչապետն այս մասին ասել է խորհրդարանում ներկայացնելով 2008 թ. Հայաստանի պետբյուջեի նախագիծը: “Մենք պետք է կենտրոնանանք ապագայի տեսլականի վրա եւ չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի սխալների շուրջ բանավեճերում”,- նշել է վարչապետը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է միջազգային տնտեսության բարդ գործընթացների ազդեցության ներքո` ԱՄՆ ստորադաս հիփոթեքայի շուկայում ստեղծված իրավիճակը, տոկոսադրույքների կտրուկ նվազումը, դոլարի կտրուկ արժեզրկումն այլ արժույթների նկատմամբ, ԵՄ կողմից գյուղատնտեսության սուբսիդավորման դադարեցումը, վառելիքի եւ սննդամթերքի գների աննախադեպ աճը: Խոսելով Հայաստանի հարեւանների մասին, վարչապետն ասել է, որ Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր, ՙեւ ակնհայտ է, որ նավթային արդյունաբերության զարգացումն իր էական ազդեցությունն է թողնում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՚: ՙՎրաստանը, ունենալով բարենպաստ աշխարհագրական դիրք, առաջ է քաշում հավակնոտ տնտեսական եւ քաղաքական զարգացման ծրագրեր՚,- նշել է Սերժ Սարգսյանը: ՙԱկնհայտ է, որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրողություններն այնպիսին են, որ Հայաստանի զարգացման առանցքը մարդկային ներուժն է՚,- հայտարարել է վարչապետը` ընդգծելով, որ նկատի ունի ողջ աշխարհի հայության ներուժը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6333