Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ։ «Եվրասիական շաբաթ»-ը ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումն է, որն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջեւ արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների խթանմանը։ Այս տարի գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից մոտ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ «Եվրասիական շաբաթի» շրջանակում տեղի կունենա նաեւ ցուցահանդես, որի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Յուրաքանչյուր երկրից միջազգային էքսպոյին կմասնակցի 30 ընկերություն՝ սննդարդյունաբերության, դեղագործության, թեթեւ արդյունաբերության, շինանյութերի արտադրության, ՏՏ եւ ճշգրիտ ճարտարագիտության, ոսկեգործության ոլորտներից։ «ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողների համար «Եվրասիական շաբաթ»-ը լավ հնարավորություն է նոր գործնական կապեր հաստատելու, արտահանման եւ ներդրումների գործարքներ կնքելու համար»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ «Տեղի են ունենալու նաեւ B2B հանդիպումներ, որի համար անհրաժեշտ է պաշտոնական կայքում գրանցվել, ընտրել ընկերություններին եւ նշանակել հանդիպումներ»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։ Ցուցահանդեսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Հայաստանյան ընկերությունների հայտերի հավաքագրումը կատարում է «Բիզնես Արմենիա»-ն, մասնակցությունը հաստատում է ԵԱՏՀ ստեղծած կազմկոմիտեն։ Tweet Դիտում՝ 9135