Նիք Սպանոսը Հայաստանին առաջարկում է բլոկչեյնով ընտրությունների «հեղափոխություն»

04.09.2018 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիք Սպանոս #բլոկչեյն
Blockchain Technologies Corporation-ի գործադիր տնօրեն Նիք Սպանոսն օգոստոսին վերադարձել էր Երեւան՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչներին հայաստանյան ընտրությունները բլոկչեյն տեխնոլոգիայով անցկացնելու վերաբերյալ խորհուրդներ տալու նպատակով:

Նիք Սպանոսը, որն ընտրական գործընթացների 35 եւ բլոկչեյնի ու թվային արժույթների ոլորտում 8 տարվա փորձ ունի, առաջին անգամ Հայաստան էր այցելել հունվարին, որի ընթացքում հանդիպել էր ուսանողների եւ պատգամավորների հետ: Այցի արդյունքներով ոգեւորված՝ նա Հայաստանում իր ընկերության մասնաճյուղը բացելու որոշում էր կայացրել:

Banks.am-ի հետ բացառիկ զրույցում Նիք Սպանոսը պատմել է, որ այս անգամ կոնկրետ առաջարկով է այցելել Հայաստան:

«Ուրախ եմ վերադառնալ հաղթանակած երիտասարդ հեղափոխականների երկիր: Սկզբում Հայաստանն աշխարհին հայտնի դարձավ խաղաղ, թավշյա հեղափոխությամբ: Հայաստանի երկրորդ հեղափոխությունը պետք է լինի ավանդական քվեաթերթիկներով եւ բլոկչեյնով ընտրական գործընթացի անցկացման հեղափոխությունը»,- նշել է փորձագետը:  


Նիք Սպանոսին է պատկանում ԱՄՆ-ում եւ արտերկրում բլոկչեյնով ընտրական գործընթացի իրականացման առաջին արտոնագիրը: Նրա VoteWatcher/VoteUnits տեխնոլոգիան 2014-ից օգտագործվում է Նյու Յորքում եւ Տեխասում ընտրությունների կազմակերպման եւ ոչ պաշտոնական հարցումների ժամանակ:

Նա VoteWatcher/VoteUnits-ը նկարագրում է որպես ամբողջովին թափանցիկ համակարգ, որն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված՝ քվեաթերթիկ սքանավորող մեքենաները: Տեխնոլոգիան թույլ է տալիս հաշվարկել քվեների թիվը եւ հասնել ընտրության վերջնական արդյունքի անփոփոխելիությանը:  

Փորձագետի խոսքով՝ թղթե քվեաթերթիկները կարեւոր են, քանի որ յուրաքանչյուր մարդու հնարավորություն են տալիս վստահել եւ հասկանալ, թե ինչպես է իր ձայնը հաշվվում, իսկ բլոկչեյնն ապահովում է ընտրական արդյունքների առավելագույն թափանցիկությունը:


VoteWatcher/VoteUnits արտոնագրի նկարագրության համաձայն՝ քվեները ստացվում են բարկոդ սքաներով եւ անվտանգ պահպանվում են մասնավոր շղթաներում: Յուրաքանչյուր թեկնածուի արդյունքը թարմացվում է ըստ նոր քվեի եւ պահեստավորվում՝ ստեղծելով վերահսկելի ձայների անփոփոխելիության շղթա, որը կանխարգելում է ընտրակեղծիքները եւ հնարավոր սխալները՝ քվեների հաշվարկման գործընթացում:

«Թափանցիկության այս հեղափոխությունը մուտք է դեպի նոր դարաշրջան, որտեղ բլոկչեյն տեխնոլոգիան քաղաքացիներին տալիս է կառավարություններին հաշվետու պահելու գործիքներ»,- եզրափակել է Նիք Սպանոսը:  

Նիք Սպանոսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Դիտում՝ 3403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW