KfW-ն պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ ծրագրերը

19.06.2018 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#KfW #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է բանկի հետ համագործակցության ակտիվացումն ու զարգացումը՝ ընդգծելով վերջինիս կարեւոր դերակատարությունը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է համատեղ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացման եւ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ Օլաֆ Զիմելկան հավելել է, որ Գերմանական զարգացման բանկը պատրաստ է նպաստել փոխգործակցության ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաեւ ապագա ծրագրերին վերաբերող հարցեր:

Օլաֆ Զիմելկային ընդունել է նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, քննարկվել են Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Օլաֆ Զիմելկան հույս է հայտնել, որ ծրագրի հետ կապված տեխնիկական խնդիրներն առաջիկայում վերջնական լուծում կստանան, որի արդյունքում ծրագիրը կմտնի իրականացման փուլ:
Դիտում՝ 2741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW