CARMAC Group իտալական ընկերությունը՝«Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ, շուտով Վանաձորում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան:Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է նախարար Իգնատի Առաքելյանի եւ CARMAC Group-ի ներկայացուցիչների՝ Վանաձորի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը: Իգնատի Առաքելյանն այցելել է նաեւ շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները եւ հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով՝ իրենց արտադրանքը մրցունակ կլինի եւ տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում եւ ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի: CARMAC Group ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով՝ բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ: 31.01.2018 | 13:14 Հակակարկտային համակարգի ներդրումը կմեկնարկի գարնանը «Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը եւ շատ մեծ հավանականությամբ մինչեւ տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,- նշել է նախարարը:Իգնատի Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել՝ խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաեւ ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում: Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար՝ արդյունավետ պաշտպանելու իրենց այգիները: Tweet Դիտում՝ 2235