2017թ. ընթացքում արձանագրվել է հայ-վրացական ապրանքաշրջանառության 33%-ոց աճ: Այս մասին այսօր հայտարարել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը:Անդրադառնալով երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը զարգացման լավ թրենդի վրա է, ինչի մասին վկայում են 2017թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2017թ. Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5%, արտահանման աճը՝ 25,2%, ներմուծման աճը`շուրջ 28%, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ շուրջ 29%, արդյունաբերության աճը՝ 12,6%, ծառայությունների աճը՝ շուրջ 15%: Կարեւորելով անցած տարում Հայաստանի ու Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է ակտիվ աշխատել եւ երկկողմ, եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, եւ դա կարող է հետաքրքիր լինել նաեւ Վրաստանի բիզնես հանրության համար: Գիորգի Կվիրիկաշվիլին իր հերթին նշել է, որ Վրաստանի համար կարեւոր է հարեւան եւ բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը: Նրա խոսքով՝ ապրանաքաշրջանառության ծավալներն ավելացնելու հնարավորությունները պետք է դիտարկել թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով համագործակցության խթանման համատեքստում, եւ Վրաստանը հետաքրքրված է վարչապետ Կարապետյանի նշած արտոնյալ ռեժիմների ուսումնասիրության եւ առկա հնարավորությունների վերաբերյալ վրաց գործարարներին իրազեկելու հարցում: Վրաստանի վարչապետը ողջունել է նաեւ ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դրա կիրարկմանը: Երկու երկրների վարչապետները քննարկել են էներգետիկայի, զբոսաշրջության, պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեն Կարապետյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին համակարծիք էին, որ մեծ ներուժ կա զբոսաշրջության ոլորտում, եւ պայմանավորվածություն ձեռք բերել՝ ակտիվացնել շփումը այդ ոլորտը կարգավորող պետական մարմինների միջեւ: Tweet Դիտում՝ 1924