ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեսպանը նշել է, որ երկու երկրների կողմից մուտքի արտոնագրի վերացումը նպաստում է ոչ միայն զբոսաշրջության աճին, այլեւ տնտեսվարողների գործնական այցելություններին՝ խթանելով բիզնես կապերը։ Ըստ դեսպանի՝ նպաստավոր գործոն է նաեւ Հայաստան մուտք գործող մարդատար մեքենաների համար տուրքի վերացումը։Քննարկվել են նաեւ Հայաստանում իրանական բիզնեսի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտում իրանական բիզնեսի ներգրավման եւ խրախուսման տարբերակները։ Նշվել է, որ կարեւոր է ուղղորդել հայ արտադրողին՝ մուտք գործելու եւ հաստատվելու իրանական շուկայում։Սուրեն Կարայանը դեսպանին հանգամանալից ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք կձեռնարկվեն Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների համար Նովրուզի տոների ընթացքում։«Մենք մշտապես եղել ենք Իրան-ԵԱՏՄ տնտեսական կապերի սերտացման ջատագովը։ Ներկայումս էլ շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ։ Ցանկանում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք բարեկամ Իրանի տնտեսվարողների համար արդյունավետ հարթակ հանդիսանալ դեպի Եվրասիական միության շուկա»,- ասել է Սուրեն Կարայանը: Tweet Դիտում՝ 1856