Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ 2018-ը բեկումնային կլինի երկրի տնտեսական զարգացման առումով. զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում։ Այս մասին Արայիկ Հարությունյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով 2017թ. գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը։Ներդրումային խոշոր նախագիծ Մարտակերտում «Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկող նախագծով ավելի քան $100 մլն ներդրում կիրականացվի տեղական եւ օտարերկրյա ընկերությունների կողմից: Արդյունքում կկառուցվեն ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության եւ զբոսաշրջության նպատակներով»,- ասել է նախարարը:Նախատեսվում են նաեւ մի շարք այլ ծրագրեր հիդրոէներգետիկայի եւ գյուղատնտեսության բնագավառում: Հանքարդյունաբերությունում աճն էլ արձանագրվելու է «Բեյզ մեթըլս» ընկերության արտադրողականության եւ արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Կկառուցվի առաջին արեւային էլեկտրակայանըԽոսելով Արցախում վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին՝ Արայիկ Հարությունյանը հիշատակել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով արեւային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը։ «Բացի Շուշիի շրջանից՝ համանման ծրագիր է կյանքի կոչվելու Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման։ Այս ծրագրերն իրականացվելու են նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով»,- ընդգծել է նա։Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաեւ Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում 1 մՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցում, որը կյանքի է կոչվելու օտարերկրյա ներդրումային միջոցներով։ Էական գնաճ չի արձանագրվելԱրայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2017-ին գնաճ հիմնականում չի արձանագրվել կամ որոշ ապրանքատեսակների մասով այն գրանցվել է մինչեւ 2%-ի շրջանակում։ «Հիմնական թանկացումն արձանագրվել է նավթամթերքի մասով, սակայն Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայանների սակագների բարձրացում չի եղել։ Դրա շնորհիվ՝ թանկացում չի արձանագրվել նաեւ տրանսպորտային ծառայությունների սակագներում»,- ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ ընթացիկ տարում աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում, սակայն «տնտեսական աճի բարձր տեմպերը հնարավորություն են տալիս իրականացնել սոցիալական լրացուցիչ ծրագրեր»։Վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել ենԱնդրադառնալով վերաբնակեցման հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում այս տարի ավարտին կհասնի 50 նոր բնակելի տների կառուցումը։ Շինարարական եւ զարգացման ծրագրեր կիրականացվեն Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում, Կովսական եւ Միջնավան քաղաքներում, Հադրութի շրջանի Արաքսավան եւ Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաեւ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում՝ մասնավոր ներդրումներով: Tweet Դիտում՝ 1800