«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամն առաջինը Հայաստանում ստացել է Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի հավաստագիր (EFQM):Ինչպես հայտնել են հիմնադրամում, նախաձեռնությունը սկսվել էր այս տարվա փետրվարից եւ իրականացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի համագործակցության շրջանակում: EFQM գնահատող փորձագետ Մաքսիմ-Անրի Լագրիերը Երեւանում ամփոփել է ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի եւ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների ջանքերը կառավարման որակի բարելավմանն ուղղված 4 ծրագրի իրականացման գործում: «Շատ կարեւոր է, որ Հայաստանում որակի կառավարման սերտիֆիկատն առաջինը ստանում է ՓՄՁ ԶԱԿ-ը: Կարծում եմ՝ դա խթան կհանդիսանա ոչ միայն մյուս աջակցող կառույցների, այլեւ ՓՄՁ-ների համար, եւ նրանք նույնպես կսկսեն դեպի կատարելություն տանող ուղին, որն արդեն սկսել է ՓՄՁ ԶԱԿ-ը»,- նշել է Մաքսիմ-Անրի Լագրիերը:Նրա խոսքով՝ EFQM որակի կառավարման սերտիֆիկատ ունեն ոչ միայն եվրոպական աջակցող կառույցներն ու ՓՄՁ-ները, այլեւ եվրոպական խոշորագույն կազմակերպություններն ու կորպորացիաները: «Շատ գովելի էր, որ ՓՄՁ ԶԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ մարզային մասնաճյուղերի աշխատակիցներն ակտիվորեն ներգրավված էին կատարելության ծրագրերում եւ սերտորեն համագործակցում էին գնահատման ժամանակ»,- ընդգծել է Մաքսիմ-Անրի Լագրիերը:ՓՄՁ ԶԱԿ-ում նշել են, որ EFQM սերտիֆիկատ Կովկասում ստացել է միայն Վրաստանի կազմակերպություններից մեկը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանի խոսքով՝ նման սերտիֆիկատը ենթադրում է Եվրոպայում ընդունված բարձրակարգ կառավարման համակարգի ներդրում: «Նման համակարգերի ներդրմամբ է պայմանավորված նաեւ փաստը, որ մենք 2016-ից սկսած՝ ֆինանսավորված մոտ 80 ՓՄՁ-ների դեպքում չունենք որեւէ ձախողված դեպք»,- ասել է Լեւոն Մնացականյանը: Tweet Դիտում՝ 2561