Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների եւ գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը: Կառավարությունում նշել են, որ փոփոխություններով առաջարկվում է Հայաստանում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրումը եւ ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ եւ առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը:Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաեւ վերահսկողության այլ միջոցառումներ: Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը եւ անվտանգության բարձրացման գործում կարեւորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը: Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը եւս մեկ անգամ լրամշակել եւ այն ներկայացնել կառավարության աշխատակազմ: Զեկուցվել է նաեւ, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը: Tweet Դիտում՝ 4347