Երեւան, 7 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը դարձել է Էգմոնտ խմբի լիիրավ անդամ: Էգմոնտ խումբը ֆինանսական հետախուզության մարմինների կազմակերպություն է, որին անդամակցում են 107 երկրների ֆինանսական հետախուզության մարմիններ: ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ Էգմոնտ խմբին անդամակցությամբ ֆինանսական դիտարկումների կենտրոնի` որպես գործառնական ինքնավարություն ունեցող ֆինանսական հետախուզության մարմնի կարգավիճակը կստանա միջազգային ճանաչում: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2007 թ. մայիսի սկզբին հրապարակված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում ասվում էր, որ Հայաստանի ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը 2006 թվականին ստացել էր 23 հաղորդակցություններ կասկածելի փոխանցումների մասին: “Ստացված տեղեկությունների վերլուծությունից հետո Ֆինանսական դիտարկումների կենտրոնն առաձնացրել էր կասկածելի փոխանցումների 5 դեպքեր, որոնցից երեքը փոխանցվեցին Հայաստանի Գլխավոր դատախազությանը` հետագա հետաքննության համար”,- ասվում էր զեկույցում: Փաստաթղթում նշվում էր, որ “դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների մեծ ծավալը կարող է խոչընդոտել ահաբեկչության ֆինանսավորման նպատակով իրականացված փոխանցումների հայտնաբերմանն ուղղված ջանքերը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9355