ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ Համաշխարհային բանկի տրամադրած գործիքներն օգնել են Հայաստանում ապահովել տնտեսական աճ, զարգացում եւ առաջընթաց:Այս մասին վարչապետն ասել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը: «Համաշխարհային բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարվա ընթացքում ՀԲ աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ժամանակակից ինստիտուտների ձեւավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Ներկայումս Հայաստանի կառավարությունը նախաձեռնել եւ իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումներին եւ արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր, որը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում եւ էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ»,- ասել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են: «Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ տպավորիչ է. նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է $2,3 մլրդ: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանում $620 մլն-ի սահմաններում է»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:Նրա խոսքով՝ ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձեւափոխել տնտեսական աճի մոդելը եւ ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ: «Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից եւ շարունակվի անընդհատ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 2010