Անելիք Բանկը կորպորատիվ վարկավորում-տենդեր կիրականացնի

12.07.2017 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #վարկատեսակ
Անելիք Բանկը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակում տոկոսադրույքները կորոշեն տենդերի միջոցով՝ սկսած 7,7%-ից:

Ծրագիրը պիլոտային է, եւ վարկավորման առաջին փուլի համար նախատեսվում է տեղաբաշխել  $1 մլն: Վարկերը դոլարային են, կտրամադրվեն $50-250 հազ-ի սահմաններում եւ մինչեւ 60 ամիս ժամկետով:

Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանն այսօր նշել է, որ ծրագիրը նորություն է ինչպես հայաստանյան բանկային համակարգում, այնպես էլ միջազգային պրակտիկայում:

«Անցած տարեվերջին Անելիք Բանկի բաժնետերերի կառուցվածքում տեղի ունեցավ փոփոխություն, համալրվեց կանոնադրական կապիտալը եւ ընդունվեց ռազմավարական նոր ծրագիր, որից հետո սկսեցինք լայնածավալ վարկավորումը: Վերջին ամիսներին երկար մտորում էինք, թե ինչ նոր պրոդուկտ կարող ենք առաջարկել շուկային, արդյունքում ծնվեց այս ծրագրի գաղափարը: Վստահ եմ՝ այն հաջողությամբ կիրականացվի, իսկ հետագայում կփորձենք այս մոտեցումը կիրառել նաեւ մեր մյուս բանկային պրոդուկտների համար»,- ասել է Սերգեյ Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ բանկի վարկային պորտֆելն առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է շուրջ 240 մլրդ դրամ, եւ իրենք «պատրաստվում են նույն ուժգնությամբ շարունակել վարկավորել տնտեսությունը»:

«Վերջին տարիներին բանկային համակարգում մրցակցությունը բավական խիստ է, եւ որոշ բանկեր կիրառում են վարկավորման տոկոսադրույքների դեմպինգ, ինչը, մեր կարծիքով, բացասաբար է ազդում շուկայի վրա: Մենք չենք ցանկանում «փչացնել» շուկան, այլ նպատակ ունենք ստեղծել հարթակ, որտեղ գործարարներն ազնիվ եւ արդար մրցակցության արդյունքում կառաջարկեն տոկոսադրույքներ, եւ կձեւավորվի վարկի իրական շուկայական գին»,- հայտարարել է Սերգեյ Վիրաբյանը:

Անելիք Բանկի կորպորատիվ պրոդուկտների մշակման բաժնի ղեկավար Հայկ Թումանյանն էլ նշել է, որ վարկավորման նոր առաջարկը կարող է հետաքրքրել գյուղմթերք վերամշակող, ատամնաբուժական, տուրիստական ծառայություններ մատուցող, հանրային սննդի ոլորտում զբաղված գործարարներին, ներմուծող եւ արտահանող ընկերություններին: Այդուհանդերձ, բանկը որեւէ ոլորտային սահմանափակում չի դնում եւ ծրագրի շրջանակում պատրաստ է իրականացնել նաեւ այլ ֆինանսական կառույցներում ունեցած վարկերի վերավարկավորում:

Հայկ Թումանյանը տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցելու համար հաճախորդները հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը ներառյալ պետք է ներկայացնեն վարկային հայտ, որից հետո բանկն իր վարկային քաղաքականության չափորոշիչներին համապատասխան կկատարի պոտենցիալ վարկառուների վարկունակության գնահատում: Դրական պատասխան ստացած մասնակիցները փակ ծրարով մինչեւ սեպտեմբերի 1-ը ներառյալ կառաջարկեն իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույքը:  

Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն սեպտեմբերի 4-ին՝ այդ նպատակով հրավիրված նիստում, որն ուղիղ կապով կհեռարձակվի համացանցում: Հաղթող կճանաչվեն ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները:

Անելիք Բանկի կորպորատիվ վաճառքների համակարգման վարչության ղեկավար Արման Կոտիկյանն էլ նշել է, որ մրցույթում չհաղթելու դեպքում բոլոր «գնահատված» հաճախորդները կարող են բանկից ստանալ վարկ՝ գործող տոկոսադրույքով:
Դիտում՝ 11591
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW