Այսօր վերաբացվել է Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը, որն այսուհետեւ գործելու է Գայի պողոտա 17/1 հասցեում: Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:15-ից մինչեւ 16:45-ը:Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ բանկի վերաբացված մասնաճյուղում «ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների հարմարավետ եւ արդյունավետ սպասարկման համար»:«Այսօր վերաբացում ենք «Նոր Նորք» մասնաճյուղը նոր հասցեում, որն ավելի մոտ է հասարակական տրանսպորտի կանգառներին, լուսավոր է եւ լավ կահավորված: Այսուհետեւ հաճախորդներին սպասարկելու ենք ավելի հարմարավետ պայմաններում»,- ասել է Ներսես Կարամանուկյանը:Նրա խոսքով՝ նախկինում բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը գտնվում էր Մոլդովական փողոցում, ինչը հաճախորդների համար որոշակի անհարմարություններ էր ստեղծում՝ հասարակական տրանսպորտի հասանելիության տեսանկյունից:Ներսես Կարամանուկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է վերանորոգել նաեւ Անելիք Բանկի՝ Բաղրամյան պողոտայի, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի մասնաճյուղերը: ««Նոր Նորք» մասնաճյուղի վերաբացումը բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ՝ մատուցելով նրանց տարատեսակ եւ բարձրակարգ բանկային ծառայություններ»,- նշել է Անելիք Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման վարչության պետ Արման Ամիրխանյանը:ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը նույնպես կարեւորել է Նոր Նորքում Անելիք Բանկի մասնաճյուղի վերաբացումը, որը 7-րդն է Երեւանում եւ 13-րդը՝ Հայաստանում:«Անելիք Բանկը յուրահատուկ դեր ունի մանրածախ ծառայությունների ոլորտում, ակտիվ է քարտային բիզնեսում, վարկավորելով տնտեսությունը՝ աշխուժացնում է իրական հատվածը: Հուսով ենք, որ այս մասնաճյուղի բացմամբ Անելիք Բանկն էլ ավելի կընդլայնի իր ծառայությունների շրջանակն ու հաճախորդային բազան՝ օգուտ տալով ինչպես բանկին եւ հաճախորդներին, այնպես էլ Հայաստանի ընդհանուր տնտեսությանը»,- ասել է Օլեգ Աղասյանը: Tweet Դիտում՝ 7165