Լիդիանը տեղեկացնում է, որ ձեւավորվել է Անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են լինելու բնապահպանական եւ սոցիալական ոլորտներում հայաստանյան եւ միջազգային փորձագետներ: Յոթ անդամից բաղկացած խումբն իրականացնելու է Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգը՝ հետեւելով, որ այն իրականացվի պարտավորվածությանը համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձին համապատասխան: Խումբը նախագահելու է պատասխանատու հանքարդյունաբերության եւ կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հեղինակավոր փորձագետ, դոկտոր Ջոն Հարքերը: Խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են՝ ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար եւ կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ եւ առարկայական խորհրդատվություն: Սա ներառում է բնապահպանական կառավարումը, սոցիալական կառավարումը, հանրային առողջությունը, ջրի կառավարումը, ինչպես նաեւ կենսաբազմազանությունը, թափոնների եւ ցիանիդի կառավարումը, սոցիալ-տնտեսական զարգացումը եւ մարդու իրավունքները:Խումբը կապի մեջ կլինի ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ եւ լիազորված կլինի՝- Անաչառ գնահատել Ամուլսարի ծրագրի սոցիալական, բնապահպանական եւ մարդու իրավունքներին առնչվող ազդեցությունները եւ դրանց կառավարման ուղղությամբ Լիդիանի նախաձեռնություններն ու ծրագրերը,- Հանգամանորեն ուսումնասիրել եւ խորհրդատվություն տրամադրել Ընկերությանը շահագրգիռ կողմերի ներգրավման վերաբերյալ,- Իրականացնել միջազգային լավագույն չափանիշների կիրառման մոնիտորինգ եւ այդ մասին տեղեկատվություն տրամադրել:Խումբն անմիջականորեն առնչվելու է Ամուլսարի հանքի շահագրգիռ կողմերի հետ եւ ներկայացնելու է հրապարակային տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ:Բոլոր անդամները ներկայացված են հանձնախմբում որպես անհատներ: Խմբի կազմը հետեւյալն է՝- Դոկտոր Ջոն Հարքերը (Խմբի նախագահ) պատասխանատու հանքարդյունաբերության եւ բազմաշահառու գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Դոկտոր Հարքերը վերջին շրջանում Կանադայի Քեյփ Բրեթոն համալսարանի նախագահն էր եւ փոխկանցլերը: 1999-2000 թթ. կանադական կառավարության խնդրանքով ուսումնասիրել է երկրի խոշորագույն նավթային ընկերության գործունեության հնարավոր ազդեցությունը Սուդանի քաղաքացիական պատերազմի վրա: Նախկինում Ջոն Հարքերը աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում եւ եղել է նախագահ Նելսոն Մանդելայի խորհրդականը Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալության ստեղծման ժամանակ: 2007-2008 թթ. Կոլումբիայում նախագահել է Հարավային Ամերիկայի ածուխի խոշորագույն Կերեխոն հանքավայրի Անկախ վերահսկող հանձնաժողովը:Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ակարմազյանը բնապահպան ճարտարագետ է։ Դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էկոլոգիական մենեջմենթ, բնօգտագործման տնտեսագիտություն, ջրամշակման տեխնոլոգիաներ առարկաները։ - Դոկտոր Հարություն Արմենեանը առողջապահության ոլորտում միջազգայնորեն ճանաչված փորձագետ է: Նա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության Ֆակուլտետի Համաճարակաբանության պրոֆեսոր է, ինչպես նաեւ Ջոն Հոփկինս համալսարանի Առողջապահության դպրոցի պատվավոր պրոֆեսոր: Նա նաեւ Հայաստանում ամերիկյան համալսարանի նախկին նախագահն է: - Ջոն Հոբբսը բնապահպանության ոլորտում առաջատար միջազգային մասնագետ է: Մինչ վերջերս WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) արդյունահանող ճյուղերի գծով միջազգային տնօրենն էր, նախկինում նման պաշտոն է զբաղեցրել նաեւ Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման գործակալությունում: Նախկինում նախագահել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) Բնապահպանական մասնագետների ցանցը եւ Հանքարդյունաբերության, մետաղների եւ կայուն զարգացման միջկառավարական ֆորումը: Մասնակցել է պատասխանատու հանքարդյունաբերության բնագավառում մի շարք նախաձեռնությունների ստեղծմանը: - Ալիսա Սավադյանը բնապահպանական եւ սոցիալական ազդեցության մասնագետ է, բնապահպան-իրավաբան: Տրամադրում է խորհրդատվություն Համաշխարհային բանկի (ՀԲ), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից ֆինանսավորվող համայնքային զարգացման, ջրային ռեսուրսների եւ թափոնների կառավարման ծրագրերում:- Էլիսա Թոնդան ճանաչված բնապահպանական մասնագետ է: Նա աշխատել է թե՛ մասնավոր ոլորտում, թե՛ 15 տարուց ավելի աշխատել է ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում: Էլիսա Թոնդան Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի (ICMI) խորհրդի անդամ է: Ինստիտուտը հետեւում է Ցիանիդի կարավարման միջազգային օրենսգրքի պատշաճ կիրառմանը: - Լյուկ Զանդվլիեթը սոցիալ-տնտեսական ոլորտի փորձագետ է, նա մասնագիտացած է շահագրգիռ կողմերի ներգրավման, դժգոհությունների կառավարման եւ կանխարգելման, ինչպես նաեւ սոցիալական ներդրումների ռազմավարության հարցերով հանքարդյունաբերական ընկերություններին խորհրդատվություն մատուցելու ոլորտում: «Ինչպես ճիշտ հասկանալ ընկերություն-համայնք կապը» գրքի համահեղինակն է, որն այս ոլորտի մասնագետների համար առաջատար աշխատություններից է:«Խումբը բաղկացած է անկախ տեսակետ ունեցող մարդկանցից, ովքեր ունեն լիարժեք կարողություն ուսումնասիրել բարդ իրավիճակներ եւ առաջարկել հստակ խորհուրդներ: Ուստի, այս իրողությունը թույլ կտա շահագրգիռ կողմերին վստահությամբ ընդունել պատասխանատու առաջընթացը, որը կարող է առաջարկել հանքարդյունաբերությունը: Մենք պատրաստ ենք այս խնդրին»,- ասել է Ջոն Հարքերը:«Լիդիանը պարտավորվել է կառուցել եւ շահագործել Ամուլսարի հանքը միջազգային լավագույն փորձի չափանիշներին համապատասխան: Մենք Հայաստանում ԱՃԹՆ-ի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության) ներդրման գործընթացքում առաջատար դերակատարներից ենք, մենք պարտավորվել ենք կիրառել ոլորտի լավագույն միջազգային փորձը մեր գործունեության ողջ ընթացքում, եւ հետեւելու ենք Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին: Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը, որն անկողմնակալ ուսումնասիրելու է մեր գործունեությունը, մեր կամավոր նախաձեռնությունն է, որը մենք պարտավորվել ենք իրականացնել, որպես մեր Բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատման պարտավորություն: Ակնկալում ենք հիմնել դրական եւ կառուցողական հարաբերություններ Խմբի հետ եւ աշխատել միասին՝ բոլոր շահագրգիռ կողմերի օգուտները Ծրագրից առավելագույնի հասցնելու համար»,- նշել է «Լիդիան ինթերնեյշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը: Tweet Դիտում՝ 6468