ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ փոփոխություններ են նախատեսվում 2017թ. պետբյուջեում, որոնց համաձայն՝ հարկերի հավաքագրման գերակատարումից ձեւավորվելիք միջոցների հաշվին շուրջ 50 մլրդ դրամով կավելացվեն կապիտալ ծախսերը:«2017թ. բյուջեն ներկայացնելիս մենք նշել էինք, որ կապիտալ ծախսերի նախատեսվող մակարդակը մեզ համար բարձր հավակնություն չէ, եւ եթե տնտեսական իրավիճակն ավելի լավ լինի, քան ակնկալում ենք, եւ մեր ջանքերի արդյունքում հարկահավաքումը լինի շատ ավելի բարձր, ապա այդ լրացուցիչ միջոցները կուղղենք կապիտալ ծախսերին»,- ասել է Վարդան Արամյանը:Նախարարն ընդգծել է, որ Պետեկամուտների կոմիտեին հաջողվել է տարվա առաջին եռամսյակում նախատեսվածից ավելի շատ հարկ հավաքել, ինչը հիմք կտա ավելացնել հարկային եկամուտների՝ բյուջեում դրված ցուցանիշը՝ միեւնույն չափով ավելացնելով կապիտալ ծախսերը:«3,2% տնտեսական աճը մեր թիմի ամբիցիան չէ. միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր ցուցանիշներ: Իսկ այդ պայմաններում շատ կարեւոր է լրացուցիչ միջոցները վերաուղղել կապիտալ ծախսերին, որպեսզի 2018թ. ավելի բարձր աճի ցուցանիշ թիրախավորեն»,- հայտարարել է Վարդան Արամյանը:Նախարարի խոսքով՝ ՊԵԿ-ի առջեւ դրված նոր թիրախը բավական հավակնոտ է եւ իրենք կանեն ամեն ինչ՝ աջակցելու նախատեսվող բարեփոխումների իրագործմանը: Այդուհանդերձ, եթե դժվարություններ առաջանան հարկերի այդ ծավալը հավաքագրելու գործում, բյուջեի ծախսերում ճշգրտումներ կկատարվեն:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, արձագանքելով նախարարի հայտարարությանը, հանձնարարել է այն գերատեսչություններին, որոնց հետ նախապես քննարկվել էր նախաձեռնությունը, մեկշաբաթյա ժամկետում ֆինանսների նախարարությանը ներկայացնել համապատասխան բյուջետային հայտերը: Tweet Դիտում՝ 2471