ՀՀ գյուղոլորտում կներդրվեն ինովացիոն տեխնոլոգիաներ

30.03.2017 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #գյուղատնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բանակցում է միջազգային կառույցների հետ՝ GIS (geographic information system) տիեզերական հեռազննման տեխնոլոգիաների ներդրման նպատակով, ինչը թույլ կտա գնահատել ոլորտը եւ ճշգրիտ տվյալներ հավաքագրել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Այսօր գյուղոլորտում մեր ներկայացրած ցուցանիշները ստացվում են հեռախոսով կամ այլ բանավոր միջոցներով: Չկա որեւիցե հիմնավորված հաշվարկ, որպեսզի մենք հասկանանք՝ ոլորտի զարգացումն ինչ մակարդակի վրա է եւ ինչպիսին է դինամիկան: Նոր համակարգի ներդրումը թույլ կտա հստակ պատկերացում կազմել` որ հողատարածքներն են այս պահին օգտագործվում, որոնք են ոռոգվում, ինչ է ցանվում, ինչպես նաեւ գնահատել կարկտահարության վնասները»,- ասել է նա:

Նախարարն անդրադարձել է նաեւ վերջերս մեկնարկած գյուղտեխնիկայի լիզինգին` նշելով, որ ներկայում ծրագրին ֆինանսավորման մասով միացել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն, իսկ տեխնիկայի մասով՝ «Սպեցմաշ»-ը: Առաջիկայում սպասվում է, որ ֆինանսական կառույցներից կմիանան նաեւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու «Ֆարմ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, իսկ տեխնիկայի մասով` «Հրաշք այգի» ընկերությունը:

Մինչ օրս լիզինգի ծրագրի համար մարզերից ընդհանուր ստացվել է 33 հայտ, որից 7-ը վերջնական փուլում են:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է գյուղական տեխնիկայի կայան հիմնել, որը տնտեսություններին վարձակալությամբ մեքենաներ կտրամադրի: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Նախարարի խոսքով՝ ոչ բոլոր տնտեսությունները կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել գյուղտեխնիկա, որոշ դեպքերում ավելի ձեռնտու է վարձակալել այն:

700 մլն դրամ արժողությամբ պիլոտային ծրագիր կներդրվի, իսկ մասնավորի համար կհայտարարվի մրցույթ՝ նոր կայաններ ստեղծելու համար:

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է շարունակել նաեւ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը՝ նախկին 6% սուբսիդավորման պայմաններով:

Իգնատի Առաքելյանը մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում արդեն սուբսիդավորվել է մոտ 99 մլրդ դրամի վարկ՝ ուղղված 119 հազ. տնտեսական միավորի: Մյուս տարվանից, սակայն, ֆերմերների վարկերը կսուբսիդավորվեն միայն վերջինների կողմից կոնկրետ ծրագիր ներկայացվելու դեպքում, ինչը թույլ կտա հետեւել միջոցների նպատակային օգտագործմանը:

Դիտում՝ 14862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW