«Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում է, որ Telcell վճարային տերմինալներով այսօրվանից հնարավոր չէ Beeline կապի ծառայությունների դիմաց կատարել վճարումներ: Ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար:«Սա Beeline ընկերության միակողմանի որոշումն է: Դադարեցվել է անգամ բանակցություններում չքննարկվող՝ ֆիքսված հեռախոսակապի ու ինտերնետ ծառայության համար վճարումների ընդունումը: Տեղեկացնենք, որ Beeline կապի ծառայությունների դիմաց վճարել կարելի է միայն Beeline գրասենյակների Telcell մասնաճյուղերում: Մեր մյուս մասնաճյուղերի, ՀՀ եւ ԼՂՀ տարածքում տեղակայված տերմինալների, սուպերմարկետներում սպասարկման կետերի, ինչպես նաեւ մեր գործընկեր բանկերի՝ Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված ինքնասպասարկման գոտիների միջոցով վճարումներ կատարել ներկա պահին հնարավոր չէ»,- ասված է հաղորդագրությունում: Ներկայում Beeline-ի հետ բանակցությունները շարունակվում են, եւ «Թել-Սել»-ը հույս է հայտնում շուտափույթ հարթել խնդիրը: ««Թել-Սել» ընկերությունը միշտ բաց է երկխոսության, փոխզիջումների եւ համագործակցության համար: Էլեկտրոնային վճարումների շուկայում շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում «Թել-Սել»-ը հավատարիմ է հաճախորդների սպասարկման մատչելիություն ապահովելու եւ վճարումների գործընթացը հարմարավետ դարձնելու իր քաղաքականությանը»,- նշել են ընկերությունում: Հիշեցնենք, որ նախօրեին ընկերությունը հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված «անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ»: Tweet Դիտում՝ 23769