ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին ու քաղաքաշինության կոմիտեի նախագահին Երեւանի համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու հարցը:«Բազմաբնակարան շենքերում ու նրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների, ինչպես նաեւ նմանատիպ զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ համատեղ առաջարկություններ»,- ասել է վարչապետը:Կառավարության ղեկավարը նկատել է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ողջամիտ ժամկետներ ու պայմաններ նախանշել, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: «Բողոքներ շատ կան, որ բազմաբնակարան շենքերի տակ գտնվելով՝ նմանատիպ օբյեկտներն առաջացնում են բարոյական կերպարի խախտում, անհանգստություն: Կարծում եմ՝ մենք պետք է արձագանքենք այս խնդրին»,- ասել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 2209