Ամերիաբանկը եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Բանկում նշել են, որ համաձայնագրի նպատակն է Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին ապահովագրել գնորդի չվճարումից՝ պայմանավորված առեւտրային եւ քաղաքական ռիսկերով: «Դրա արդյունքում արտահանողները ֆակտորինգային ֆինանսավորում ստանալիս ոչ միայն հնարավորություն են ունենում արտահանված ապրանքների դիմաց ստանալ վաղաժամկետ վճարում՝ մեծացնելով շրջանառու միջոցները, այլ ապահովագրված են լինում գնորդի հետագա հնարավոր անվճարունակությունից: Ֆակտորինգը ստանալով արտահանման պայմանագրի արժույթով՝ միաժամանակ հնարավորություն է ստեղծվում չեզոքացնել արտարժույթի տատանման ռիսկերից հնարավոր բացասական արդյունքը»,- ասված է հաղորդագրությունում:«Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում ֆակտորինգային ֆինանսավորման ուղղությամբ, ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով բանկի ֆակտորինգային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 50 մլն դոլար, որի շուրջ 80%-ը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին: Այս համաձայնագրի ստորագրումը մեզ հնարավորություն կտա առավել պարզեցված գործընթացով եւ զսպված ռիսկերով իրականացնել ֆակտորինգային ֆինանսավորումը, ինչը կնպաստի Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը, հետեւաբար եւ հանրապետություն մուտք գործող ֆինանսական հոսքերի աճին»,- ասել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում գործակալության ծառայությունների շահառու հանդիսացող արտահանողներին առավել արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը արտահանմանը հաջորդող տարաժամկետ վճարման փուլում, ավելացնել արտադրության ծավալները, ինչպես նաեւ, լինելով ապահովագրված օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, բացահայտել նոր շուկաներ»,- նշել է ՀԱԱԳ-ի տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: Tweet Դիտում՝ 6692