ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած նախագիծը, որով փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար կստեղծվեն առեւտրի եւ ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելու բարենպաստ պայմաններ։Նախագծի ընդունման արդյունքում, մասնավորապես, ոգելից եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի, ինչպես նաեւ հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքի չափերի: Տարոն Մարգարյանի խոսքով՝ այսօր գործող օրենքով որեւէ տարբերակում չկա մեծ կամ փոքր օբյեկտի միջեւ: Որպես առանձնահատկություն քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում կիրառվում է նաեւ տեղական տուրքերի վճարման գոտիավորման սկզբունքը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս տեղական տուրքի վճարման տեսանկյունից տարանջատել մասնավորապես կենտրոնում եւ ծայրամասերում, ինչպես նաեւ կենտրոնական եւ երկրորդական փողոցներում գործունեություն ծավալող օբյեկտները:«Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից սույն հարցի շուրջ բարձրացրած արդարացի բողոքներն ու մտահոգությունը, սույն նախագծով առաջարկում ենք տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով»,- նշել է քաղաքապետը՝ խնդրել գործադիրի ղեկավարին նախագիծը համարել անհետաձգելի:Ակնկալվում է, որ օրենքի ընդունման արդյունքում Երեւանում ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառքի թույլտվություն ունեցող մոտ 4500 օբյեկտներից շուրջ 3000-ը տեղական տուրքը կվճարեն ավելի ցածր դրույքաչափով: Tweet Դիտում՝ 9065